Օգոստոսի 22-ին Ախալքալաքում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց խորհրդարանում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու Էնզել Մկոյանին։ Վարչապետի այցն ավարտվեց փոքր միջադեպից հետո:

Հանդիպմանը ներկա գտնվելու էին եկել շրջանի տարբեր գյուղերից, որոնց մի մասը կամովի մի մասն էլ՝ հարկադրաբար։ Վարչապետի կողքին էին կանգնած Խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախի Կալաձեն, մեծամասնական թեկնածու Էնզել Մկոյանը և Անդրանիկ Պետրոսյանը, ով լինելու է կուսակցության ընտրական ցուցակներում:

Ողջյունելով ներկաներին վարչապետը կարճ ներկայացրեց իրենց կատարած և կատարվելիք աշխատանքները նշելով, որ միանշանակ ամեն ինչ կատարյալ լինել չի կարող։
«Շատ ուրախ եմ որ Ախալքալաքում այսքան աջակիցներ եմ տեսնում: Մինչև ներկայացնեմ խորհրդարանական պատգամավորի թեկնածուին նշեմ, որ Ախալքալաքը ևս կունենա իր ներկայացուցիչը համամասնական ընտրացուցակում», – ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Այնուհետև վարչապետը կարճ ներկայացրեց 2012 թ.-ից հետո կատարած փոփոխությունների մասին՝ «Մենք այս 4 տարվա ընթացքում քաղաքացիներին ազատեցինք պետական ապարատի ճնշումից, դրական փոփոխություններ կատարեցինք առողջապահության ոլորտում, այսօր թանկարժեք վիրահատությունների համար այլևս պարտադիր չե վաճառել ունեցվածքը, հատուկ ծրագրեր անցկացրեցինք գյուղատնտեսական ոլորտում, և դեռ շատ նմանատիպ ծրագրեր էլ պիտի անցկացվեն։ Նշեմ նաև, որ «Վրացական երազանք» կուսակցությունը այս 4 տարիների ընթացքում վարել է շատ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, չնայած առավել շատ վերցրել ենք արևմտյան ուղղություն, այնուամենայնիվ հարևան պետության՝ Ռուսաստանի հետ նույնպես փորձում ենք բարելավել հարաբերությունները»։

Այնուհետև վարչապետը ներկայացրեց խորհրդարանական պատգամավորի մեծամասնական թեկնածու Էնզել Մկոյանին, սակայն մինչ Մկոյանի խոսքը ժողովրդի շարքերից բողոքի կոչով հանդես եկավ Գեվորգ Պետրոսյանը՝ պահանջելով որպեսզի վարչապետը ներկայացնի նաև համամասնական ընտրացուցակում Ախալքալաքի ներկայացուցիչ Անդրանիկ Պետրոսյանին։ Էնզել Մկոյանը հավատացնելով, որ բոլորն էլ կներկայացվեն, շարունակեց իր խոսքը՝ «Իմ սիրելի ժողովուրդ ձեզ է դիմում Ջավախքի այն զավակը, ով վրաստանի խորհրդարանում աշխատում է որպեսզի ախալքալաքցիները և նինոծմինդացիները այս սուրբ հողի վրա ապրեն արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով։ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի մեկ գերնպատակ, ամեն կերպ զարգացնել երկրի տնտեսությունը։ Մեր տարածաշրջանում նույնպես քիչ աշխատանք չենք իրականացրել՝ կառուցվում են նոր ճանապարհներ, ջրագծեր, անցկացվում է գիշերային լուսավորություն, ավելանում է ուշադրությունը ծերերի և հիվանդների նկատմամբ»,- ասաց թեկնածու Էնզել Մկոյանը, ով արդեն 4-րդ անգամ ձգտում է լինել պատգամավոր։

Թեկնածուի խոսքից հետո բողոքի ալիքը ուժեղացավ, հանկարծակի ժողովրդի շարքերից դուրս գալով երկու մարդ պահանջեցին որպեսզի վարչապետը ներկայացնի Անդրանիկ Պետրոսյանին, չնայած վարչապետի փորձերին նրանց հանգստացնելու, այնուամենայնիվ միջադեպին մասնակցեցին նաև անվտանգության աշխատակիցները և բողոքողներին հեռացրեցին, ովքեր արդեն շարքի վերջում կոչ էին անում ժողովրդին հեռանալ և չմասնակցել հանդիպմանը։

Այս ամենին հաջորդեց վարչապետի շուտափույթ հրաժեշտը ներկաներին։
ocnebaa