Լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղում ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:
Հայաստանի ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները:
Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապարտեզների շենքներ ու օժանդակ շինություններ: Հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներին, մշակութային և կրոնական վայրերին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ էր արել նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց՝ ապահովել կրթության իրավունքը «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ:
Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում: