Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
Վեց ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ Արցախի ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է արտահերթ զեկույց, որում ներկայացված են ամփոփ տվյալներ շրջափակման հետևանքների մասին։
Զեկույցի համաձայն՝ ԼՂ-ի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն դոլարի վնաս, աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 11 հազար մարդ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ ներկայացան որպես «բնապահպան-ակտիվիստներ» և փակեցին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Հետագայում ապացուցվեց, որ այդ անձինք սերտորեն փոխկապակցված էին ադրբեջանական իշխանությունների հետ կամ էլ հանդիսանում էին ադրբեջանական հատուկ ծառայությունների գործող կամ նախկին աշխատակիցներ։ Ադրբեջանցիները ճանապարհից հեռացան միայն ապրիլի վերջին, երբ Հակարի գետի կամրջի մոտ Բաքուն անօրինական անցակետ տեղադրեց։
Մինչ Հայաստանը բարձրաձայնում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի մասին, Բաքուն շարունակում է պնդել, թե ճանապարհը բաց է և անցանելի։ Նախկինում իբրև ապացույց ներկայացվում էին Կարմիր խաչի միջազագային կոմիտեի և ռուս խաղաղապահների մեքենաների տեղաշարժը պատկերող տեսանյութներ։ Անցակետի տեղակայումից հետո Ադրբեջանը հրապարակում է կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են առանց ուղեկցության մարդիկ անցնում հսկիչ-անցագրային կետով։
Հայկական կողմը հաղորդում է, որ անցակետով որևէ մեկը չի անցնում առանց ուղեկցության։ Կադրում երևում են Հայաստան մեկնող բուժառուներ և Երևանում բուժումն ավարտած արցախցիներ։ Անցակետով անցել են նաև Հայաստանից ԼՂ վերադարձող ընտանիքի ադամներ։ Բոլորը՝ ԿԽՄԿ աշխատակիցների կամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, որոնց նկարահանման ժամանակ խնդրում են կադրից դուրս գալ։
ՄԻՊ զեկույցի մանրամասները, որի մեջ ներառված են շրջափակման մեջ հայտնված մարդկանց անձնական պատմություններ, նաև իրավիճակի գնահատականը Հայաստանի ԱԳՆ կողմից:
Զեկույցում ներկայացված են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ։ Հեղինակների համոզմամբ՝ դրանք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամն ու Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Ստորև՝ արտահերթ զեկույցում տեղ գտած մի քանի ուշագրավ փաստեր․
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԼՂ-ում ապրում են 120 հազար հայեր։ ՄԻՊ աշխատակազմը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շրջափակման հետևանքներն առավել սուր են արտահայտվել խոցելի խմբերի շրջանում։ Խոսքը 30 000 երեխայի, 9 000 հաշմանդամություն ունեցող անձի և 20 000 տարեցի մասին է:
Զեկույցում հիշատակվում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նշվում է, որ հայտարարությունը «շարունակական և բազմակի խախտումների» է ենթարկվում, իսկ դատարանի որոշումը դեռևս մնում է չիրագործված։ Ըստ դրա՝ Բաքուն պետք է ապահովեր Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը․
«Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները»։
Օմբուդսմենի գրասենյակի դիտարկմամբ՝ Ադրբեջանի բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում։ Ասվում է, որ դրանք ուղղված են ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ, իսկ Բաքվի նպատակն է էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:
«Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության»,- նշվում է զեկույցում։
Ընդգծվում է, որ ինքնորոշման իրավունքը հավասար է մարդկանց՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքին։
Արցախի ՄԻՊ աշխատակազմի գնահատմամբ՝ միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար կան «առավել քան բավարար հիմքեր»։ Դրանք են՝
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ներկայացված են նաև մարդկային պատմություններ։ Դրանք կիսված ընտանիքների, սննդի և դեղորայքի պակասի, վատթարացած հոգեկան առողջության մասին են և ոչ միայն։
«Ինչպե՞ս կարող եմ ես վայելել իմ կյանքի ամենասպասված փուլը որպես երիտասարդ մայր ու կին, եթե ես մտածում եմ միայն իմ նորածին երեխային կերակրելու և տաքացնելու մասին՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումների, սննդի, տաք ջրի և այլ անհրաժեշտ պարագաների բացակայության պայմաններում»։
«Իմ ամենավատ մղձավանջի մեջ անգամ չէի կարող պատկերացնել, որ այդքան երկար կբաժանվեմ իմ երեխայից [այս կինը ամուսնու հետ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մեկ օրով գնացել է Գորիս գնումներ կատարելու և այդ ժամանակվանից չի կարողացել տուն վերադառնալ]։ Ամեն անգամ, երբ զանգում եմ մորս և նա ցույց է տալիս որդուս, ես չեմ կարողանում զսպել արցունքներս։ Մայրս ու տղաս՝ Սևակը ցրտահարվել են ադրբեջանցիների կողմից հոսանքազրկման և գազամատակարարման խափանման ժամանակ։ Սևակը մթություն չի սիրում ու լույսերը մարելուց հետո սկսում է լաց լինել։ Մայրս քրոնիկական հիվանդություն ունի, նա չի կարողանում գնալ ու ժամերով հերթ կանգնել սննդի համար, ոչ էլ կարող է գնալ ու ամբողջ Ստեփանակերտում Սևակի համար անհրաժեշտ մանկական կաթնախառնուրդը փնտրել»։
«Չունենք ո՛չ հուսալի գազամատակարարում, ո՛չ էլ կայուն էլեկտրաէներգիա՝ պլանային հոսանքազրկումների պատճառով, այդ թվում՝ գիշերային ժամերին, հացի արտադրամասն այժմ աշխատում է կես ծավալով։ Այլևս չի հաջողվում բավարարել այն պահանջարկը, որը մինչ շրջափակումն ունեինք, ցավոք սրտի։ Մեր անձնակազմի կեսն այժմ մնացել է առանց աշխատանքի: Մարդկանց հացից զրկելը նշանակում է ողջ ժողովրդին միտումնավոր սովի ենթարկել։ Սա է այսօր Ադրբեջանի իրական մտադրությունը՝ մեր վերջնական հավաքական ոչնչացումը»։
«Շրջափակման պատճառով կորցրել եմ իմ եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ մթերային խանութը, որտեղ ես սովորաբար աշխատում եմ, փակվել է 2022 թվականի դեկտեմբերից։ Քանի որ թարմ բանջարեղենի և մրգերի մեծ մասը ներկրվում էր Հայաստանից, շրջափակումն առաջինը հարվածեց մեզ, և մենք ստիպված եղանք խանութը փակել գրեթե առաջիններից։ Այժմ ես այլևս չեմ կարող պատշաճ կերպով պահել իմ մեծ ընտանիքը: Կինս հղի է մեր 6-րդ երեխայով»։
«Ես պետք է օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկում անեմ, քանի որ վերջին փուլի շաքարախտ ունեմ: Ես ինքս պետք է անեմ դա, քանի որ մենակ եմ ապրում և ընտանիքի անդամներ չունեմ կողքիս։ Ամուսինս զոհվել է 1993 թվականին արցախյան առաջին պատերազմում, իսկ աղջկաս ընտանիքն այժմ ապրում է Երևանում։ Նա չի կարող հիմա գալ Արցախ և իմ մասին հոգ տանել, քանի որ մեզ բաժանում է շրջափակումը: Երբեմն մտածում եմ, որ կարող եմ մենակ մեռնել իմ բնակարանում, և ոչ ոք երբեք չնկատի»:
Պաշտոնական Երևանն Արցախի՝ կես տարի ձգվող շրջափակմանն անդրադարձել է թվիթերյան գրառմամբ՝ արձանագրելով, որ «շարունակվում են մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խիստ սահմանափակումները»։ ԱԳՆ գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն անորոշ հումանիտար իրավիճակ է ստեղծել ԼՂ-ում։
«Միջազգային դերակատարները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, պետք է գործեն ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության նպատակով»,- ասված է գրառման մեջ։
Արտաքին գերատեսչությունը նաև հաղորդագրությամբ է հանդես եկել՝ այս անգամ անդրադառնալով ԼՂ-ի կողմից «հրադադարը խախտելու» մասին Ադրբեջանի հայտարարություններին, որոնք վերջերս հնչում են գրեթե ամեն օր։ Հայկական կողմը դրանք «կեղծ լուրեր» է որակել ու ընդգծել, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում հրադադարի խախտումներ են արձանագրվել միայն ադրբեջանական կողմից։
«Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար»,- ահազանգել է կառույցը։