Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն այսօր ծավալուն հրապարակում է արել ադրբեջանական զինուժի կողմից հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծման վերաբերյալ:

Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանը միտումնավոր է թիրախավորել եկեղեցին, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում եւ կարող է որակվել իբրեւ ռազմական հանցագործություն:

HRW-ի Եվրոպային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Վիլյամսոնն ասել է, որ եկեղեցու վրա երկու գրոհները, որոնցից մեկը ձեռնարկվել էր այն ժամանակ, երբ ներսում լրագրողներ եւ այլ քաղաքացիական անձինք կային, «պետք է անկողմնակալ հետաքննության ենթարկվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության կանչվեն»:

Ասվում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց օդային և ցամաքային հարձակումները Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքով։ Մարտերը շարունակվեցին մինչ նոյեմբերի 10-ը, երբ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հայտարարություն ընդունեցին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:

HRW-ն նշում է՝ տաճարը, որը կառուցվել է 19-րդ դարում և հայկական եկեղեցու համար կարևոր շենք էր, հոկտեմբերի 8-ի ցերեկը հարձակման ենթարկվեց երկու անգամ: Առաջին հարձակման ժամանակ ոչ ոք չէր տուժել, իսկ երկրորդ հարձակման ժամանակ ռուսական լրատվամիջոցների երեք լրագրողներ էին վիրավորվել:

Human Rights Watch-ը զրուցել է նաև չորս քաղաքացիական անձանց հետ, որոնք եկեղեցում կամ նրա անմիջական հարևանությամբ են եղել հարձակումների ժամանակ, այդ թվում՝ վիրավորված երկու անձանց:

Human Rights Watch-ի հետազոտողը ուսումնասիրել է եկեղեցուն հասցված վնասը և զինամթերքից մնացորդներ հավաքել: Կազմակերպությունը չի կարողացել նույնականացնել յուրաքանչյուր հարձակման ժամանակ օգտագործված զինամթերքը, բայց գտել է զինամթերքի հետևանքով մնացորդներ, որոնք կարող էին ճշգրիտ ուղղվել դեպի որոշակի թիրախ և արձակվելուց հետո շտկումներ կատարել դրա թռիչքային ուղու վրա:

Human Rights Watch-ը գրում է՝ բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ երկու հարձակումներն էլ ուղղված են եղել եկեղեցուն: Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ օգտագործված զենքերն ունակ են ուղղված լինել որոշակի թիրախի: Երկու հարվածները հասցվել են եկեղեցու տանիքի նույն հատվածին, այսինքն՝ հարվածի կետի միջև եղել է ոչ ավելի, քան երկու մետր տարբերություն:

«Միջազգային մարդասիրական իրավունքը, որը հայտնի է նաև որպես պատերազմի օրենքներ, պատերազմող կողմերից պահանջում է տարբերակել քաղաքացիական օբյեկտները և ռազմականները: Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումները, որոնք չեն օգտագործվում թշնամական գործողություններ կատարելու համար կամ այլապես ռազմական թիրախներ չեն, արգելվում են և կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն:

Պատերազմող կողմերից պահանջվում է նաև հարգել մշակութային ժառանգությունը, և պետք է հատուկ ուշադրություն դարձնել կրոնական և պատմական հուշարձաններին նվիրված շենքերին վնաս հասցնելուն:

Հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՝ դիտավորյալ կամ անխոհեմաբար, ռազմական հանցագործություններ են: Կառավարությունները պարտավոր են հետաքննել իրենց տարածքում իրենց զինված ուժերի կամ ուժերի անդամների կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները և արդարացիորեն դատապարտել մեղավորներին»,- ասում է HRW-ն:

Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին նախագահ Ալիևն ասել էր՝ Ադրբեջանը պետք է հետաքննություն կատարի այդ հարձակման վերաբերյալ, որն անելու համար պետք է «այնտեղ լինել»։

«Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը վերահսկում է Շուշին, և կառավարությունը պետք է ժամանակ չկորցնի հարձակումները հետաքննելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար», – ասել է Ուիլյամսոնը: