Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Հայրենասերների դաշինք» կուսակցության ցուցակներով պատգամավորի թեկնածու Սամվել Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է արցախ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին:
«Ինչպես բոլորին հայտնի է, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ագրեսիա է դրսևորել ԼՂՀ-ի դեմ, որի զոհն է դարձել խաղաղ բնակչությունը: Մենք՝ հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք և չենք ուզում պատերազմ: Բայց եթե պատերազմ են պարտադրում մեզ, ապա մենք ընդունում ենք նրանց մարտահրավերը: Մենք այսօր համերաշխ ենք ԼՂՀ-ի բնակչության հետ և լիովին աջակցում ենք նրանց արդար պայքարը: Մենք՝ Վրաստանի տարածքում ապրող հայերս, լինելով Վրաստանի քաղաքացի, գիտակցում ենք, որ Վրաստանում ապրում են նաև ադրբեջանցիներ, և պետք է ամեն ինչ անենք, որ իրավիճակը չսրվի այստեղ և չխորացնի հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները: Տարակուսանք է առաջացնում այն, որ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն աջակցություն են հայտնել Ադրբեջանի ագրեսիային և միաժամանակ հայտարարել, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում Վրաստանի համար: Մենք միանշանակ հայտարարում ենք, որ Վրաստանի համար սպառնալիք է Ադրբեջանը, քանի որ հենց Ադրբեջանն է այսօր օկուպացրել վրացական տարածքը, որտեղ գտնվում է վրացական պատմական հուշարձանը՝ Դավիթ Գարեջին», – գրել է Սամվել Պետրոսյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ղարաբաղիի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Ղարաբաղի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 59 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։