JNEWS-ը պարզել է, թե արդյո՞ք կատարվել են Մեծ և Փոքր Սամսար գյուղերի ենթակառուցվածքը կարգի բերելու առթիվ տեղական իշխանությունների խոստումներն այն բանից հետո, երբ ուժեղ կարկուտը վնասել էր բերքը և գյուղերի կամուրջն ու ճանապարհը շարքից դուրս բերել: Ախալքալաքի բյուջեից 46 000 լարի է հատկացվել Մեծ և Փոքր Սամսարի գյուղերում ճանապարհի բարեկարգման և Մեծ Սամսար գյուղի կամրջի վերականգնման համար:
2020 թվականի հուլիսի 17-ին Փոքր և Մեծ Սամսար գյուղերում կարկուտը ոչնչացրել էր ամբողջ բերքը, ինչպես նաև վնասել Մեծ Սամսար գյուղի ճանապարհն ու կամուրջը:
«Աղետի հետևանքները վերացնելու համար տեղական բյուջեից 46 000 լարի գումար է հատկացվել», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Ըստ Մեծ Սամսար գյուղի լիազոր Մուշեղ Ավագյանի` ճանապարհն արդեն վերանորոգվել է, կամրջի վերականգնումն արդեն վերջնական փուլում է:
«Ճանապարհը սկսել էին բարեկարգել աղետից մի քանի շաբաթ անց, իսկ Մեծ Սամսար գյուղի կամրջի վերանորոգումը գրեթե ավարտվել է», – ասում է նա:
Ավելի վաղ Նաիրի Իրիցյանն ասել էր, որ նրանք, ովքեր ապահովագրություն ունեն, փոխհատուցում կստանան: Ինչպես հավաստիացրել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, ճանապարհը նրանց պարտավորությունն է, և իրենք պետք է վերանորոգեն դա: Միևնույն ժամանակ, բնակիչներին, ովքեր չունեն ապահովագրություն, կօգնեն վառելափայտով:
Մուշեղ Ավագյանի խոսքով, գյուղացիներին արդեն թույլտվություն է տրվել հատել յուրաքանչյուր ընտանիքի համար 3 խորանարդ մետր վառելափայտ, բայց գյուղացիները դեռ չեն օգտվել դրանից: Վերջինիս խոսքով, տեղի իշխանությունները կատարել են իրենց խոստումը: