Ախալքաալքում ջրծաղիկ է տարածված, հիմնականում փոքրերի շրջանում: Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի վարակաբանն ասում է, որ պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն շուրջբոլորը շատ են վարակակիրները:

Ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային էթիոլոգիայի հիվանդություն է, որի ժամանակ բարձրանում է հիվանդի ջերմությունը, առաջանում է մաշկի և լորձաթաղանթների պապուլոզ-վեզիկուլոզ ցան, ինտոքսիկացիա։

Հիմնականում հիվանդանում են նախադպրոցական տարիքի երեխաները, սակայն ջրծաղիկով կարելի է վարակվել ցանկացած տարիքում: Մեծահասակների շրջանում ջրծաղիկն ընթանում է շատ ավելի ծանր, քան՝ երեխաների: Վարակի աղբյուր է հանդիսանում հիվանդ մարդը, փոխանցման ճանապարհը՝ օդակաթիլային:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի և Ախալքալաքի առողջապահական կենտրոնի վարակաբան Գայանե Ֆիդանյանն ասում է, որ ջրծաղիկի վարակման հիմնական սեզոնը ձմռան վերջն ու գարնան սկիզբն ընկած ժամանակահատվածն է։

«Հիմա այսպես ասած ջրծաղիկի սեզոնն է: Փոքրերը ավելի հեշտ են տանում, իրենց օրգանիզմը նմանատիպ վարակը հեշտ է տանում, դրա համար այն կոչվում է մանկական ինֆեկցիա, իսկ մեծերը ավելի ծանր են տանում: Դրա համար, երբ մենք պատվաստում ենք փոքր տարիքում, և մի քանի բաղադրիչ միասին է կատարվում, քանի որ գիտենք, որ միասին երեխան ավելի հեշտ է տանում, քան՝ առանձին-առանձին», – ասում է վարակաբանը։

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Ջրծաղիկի վիրուսը անկայուն է արտաքին միջավայրում։

«Ջրծաղիկի հիմնական ախտանիշը, մինչև հիվանդանալը պրոդրոմալ շրջանն է, ընդհանուր ինդոքսիկացիայի նշաններ են լինում, երբ որ գաղտնի շրջանն ավարտվում է: Նախնական նշաններն են՝ գլխացավ, ընդհանուր թուլություն, վատ ինքնազգացողություն, երբ որ չեն զգում, թե որտեղ է ցավում, հնարավոր է տաքություն, դա շատ անհատական է, օրինակ, հնարավոր է, որ երեխան ընդհանրապես տաքություն չունենա, մայրը պատահական նկատի, որ երեխայի վրա ցաներ կան»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։

Այլ ախտանիշները կարող են ի հայտ գալ ցանավորումից 1-2 օր առաջ.

Ջերմության բարձրացում, ախորժակի կորուստ, գլխացավ, հոգնածություն և ընդհանուր ինքնազգացողության վատացում:

Ջրծաղիկի ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին և որովայնին, սակայն խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։

Հիվանդության ի հայտ գալուց անհրաժեշտ է՝

1. Պահպանել անկողնային ռեժիմ, սահմանափակել ակտիվությունը՝ ապահովելով հաճախակի հանգիստն ու քուն:
2. Օգտագործել մեծ քանակության հեղուկ:
3. Ամեն օր անհրաժեշտ է փոխել անձնական սպիտակեղենը և անկողնային պարագաները:
4. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
5. Օդափոխել տարածքները և պահապանել սենյակի ջերմաստիճանը անհրաժեշտ սահմաններում:
6. Պահպանել դիետա:
7. Որպես ջերմիջեցնող ջրծաղիկի ժամանակ չի՛ կարելի օգտագործել ասպիրին /ացետիլսալիցիլաթթու/ դեղամիջոցը:

Չի կարելի ցանավորված մասերին ձեռք տալ, քանի որ ախտահարվում են մաշկի խորը շերտերը և սպի է մնում։

Եթե անձը փոքր ժամանակ վարակվել է ջրծաղիկով, ապա նրա մոտ այնպիսի իմունիտետ է առաջանում, որը մնում է մինչև կյանքի վերջ, հազվադեպ է լինում, երբ հիվանդությունը կրկնվում է։

Վարակաբանը ասում է, կոնկրետ վիճակագրություն չունի, թե մեր մոտ ինչքան է վարակակիրների թիվը, սակայն գիտի, որ շրջապատում կան այնպիսնները, ովքեր ներկա դրությամբ ջրծաղիկ են։ Ֆիդանյանը հորդորում է բոլորին, ովքեր ունեն ջրծաղիկով վարակված երեխաներ կամ մեծահասակներ տանը, պաշտպանվեն, երեխաներին չուղարկեն մանկապարտեզ կամ դպրոց։

Նշենք, որ վարակի գաղտնի շրջանը տևում է 11-21 օր: Հիվանդությանը բնորոշ է սուր սկիզբ, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39C, միաժամանակ մաշկի վրա ի հայտ է գալիս բնորոշ ցանը՝ առաջանալով գլխի մազածածկի հատվածում, ապա տարածվելով ամբողջ մարմնով, բացառություն են կազմում ձեռքերի ափերը և ոտքերի ներբանները: Հիվանդը գանգատվում է թուլությունից, գլխացավից, սրտխառնոցից, հրաժարվում է սննդից: Ցանավորման շրջանը տևում է միջինը 5-6 օր, ինչից հետո տեղի է ունենում կեղևների դանդաղ թափում, որն ավարտվում է հիվանդության ի հայտ գալուց 15-20 օր հետո: Թափված կեղևների տեղում երկար ժամանակ կարող են պահպանվել կարմիր բծեր: Որպես կանոն, հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն անընկալություն: