Ախալքալաքում ՎՈՒԵ-ի հավատացյալներն այսօր նշում են Ուղղափառ եկեղեցու 12 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը:
Ծաղկազարդի տոնը հիմնված է ավետարանական պատմության վրա, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ժամանել Երուսաղեմ նախքան իրեն խաչելն ու հարություն առնելը: Նախօրեին նա հարություն էր տվել Ղազարոսին, և մարդիկ արմավենու ճյուղերով դուրս էին եկել Փրկչին դիմավորելու: Այդ պատճառով արեւմտյան եկեղեցում այս օրը կոչվում է Արմավենու կիրակի:
Վրաստանում այս տոնը հնագույն ժամանակներից անվանում են Բզոբա: Ավանդույթի համաձայն, այս օրը օծվում են ուռենու և կոլխիդական շիմշատի (վրացերեն՝ բզա) ճյուղերը և բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
Ամեն տարի, Բզոբայի նախօրեին, Վրաստանի Պատրիարքարանն ու կառավարությունը բնակչությանը կոչ են անում ոչ թե ոչնչացնել շիմշատը, այլ ինքնուրույն աճեցնել, քանի որ բույսն ընդգրկված է Կարմիր գրքում: Բացի այդ, Ծաղկազարդի օրը բավարար քանակությամբ հատուկ աճեցված բույս է վաճառվում տնկիների տնտեսություններում և եկեղեցիների մոտ:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ հավատացյալները ստիպված են տոնել Ծաղկազարդը կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Գրեթե բոլոր ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցիները ստիպված էին փոխել իրենց ծիսակարգերը, իսկ որոշ ծեսերից՝ ընդհանրապես հրաժարվել: Անցյալ տարի Ծաղկազարդի առթիվ շատ եկեղեցիներում պատարագ էր մատուցվում առանց հավատացյալների:
Այս տարի հատուկ սահմանափակումներ չեն լինի: Վրաստանի եկեղեցիներում հոգացել են, որ հավատացյալները կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը: Ծխականների մի մասը լինում է եկեղեցիների ներսում, իսկ մյուս մասը՝ եկեղեցիների բակերում:
Ծաղկազարդը բացում է Մեծ պահքի վերջին նախատոնական շաբաթը` Ավագ շաբաթը: Եկեղեցու համար սա Հիսուս Քրիստոսի տանջանքներով խաչելիությունը հիշելու ժամանակն է: Այս շաբաթվա ընթացքում ընդունված է ծոմ պահել:
Քրիստինե Մարաբյան