Ախալքալաքում Էլմիրա Գինոյանը տիրապետում և խոսում է ժեստերի լեզվով, պատրաստ է աշխատել այնպիսի մարդկանց հետ ովքեր դրա կարիքն ունեն: «Կանանց տնտեսական աջակցություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն է ունեցել սովորել խոսել ժեստերի լեզվով, սակայն նրա կրթությունը կիստա է մնացել, քանի որ ավարտվել է ծրագիրը:
«Կանանց տնտեսական աջակցություն» ծրագիրն Ախալքալաքում գործում էր 2019 թվականից սկսած, որը ֆինանսավորվում էր ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի և Կախեթիի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Տեղում ծրագիրն իրականացնում էր Տասո հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում Ախալքալաքում ֆինանսավորվել և իրականցվել է տնտեսական և ուսումնական ծրագրեր: Նրանցից մեկը Էլմիրա Գինոյանն (Օհանջանյան) է, ով նախընտրել է սովորել ժեստերի լեզուն, որի համար էլ ուսումնական գրանտ է ստացել: Էլմիրան ծնվել է Գյումրիում, ամուսնացել Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում, իսկ ժեստերի լեզվի բազային գիտելիքները սովորել է ծնողներից:
Ծրագիր, որն աշխատում է դպրոցների ապաքաղաքականացման ուղղությամբ
«Իմ ծնողները լսողական և խոսակցական խնդիրներ ունեն: Ես կոմպլեքսավորվում էի մարդկանց մոտ ցույց տալ, որ տիրապետում եմ ժեստերի լեզվին, բայց, երբ հնարավորություն եղավ, ամուսնուս խորհրդով հայտ ներկայացրեցի, մասնակցեցի որոշ թրեյնինգների և ֆինանսավորում ստացա՝ սովորելու ժեստերի լեզուն»:
Էլմիրան հետաքրքրվել և իմացել է, որ մեր շրջանում ևս կան այդպիսի սահմանափակ կարողություններով մարդիկ, և եթե հնարավորություն և ֆինանսական աջակցություն լինի ուզում է խմբակ բացել և աշխատել նրանց հետ: Կարծում է, որ շատ կարևոր է այդպիսի մարդկանց հետ ճիշտ ձևով աշխատել:
«Երբ ստացա գրանտ՝ նոր խնդիր առաջացավ գտնելու որակյալ մասնագետ, որի հետ կկարողանայի սովորել ժամանակակից ժեստերի լեզուն: Եվ Լյոլյա Ռաիսյանի օգնությամբ գտա ուսուցիչ, որի հետ պարապում էինք օնլայն ռեժիմով, նրա անունը Թամունա է և ապրում է Թբիլիսիում»:
Ժեստերի լեզվին տիրապետելը բավականին բարդ է, այն օտար լեզվի է նման, ունի հին և նոր ձևեր, տարբեր լեզուներում տարբեր ժեստեր են օգտագործվում:
Էլմիրան նշում է, ընտանիքը մեծ ոգևորությամբ է ընդունել իր որոշումը, որը նրան օգնել է ավելի հաստատուն քայլերով գնալ իր նպատակի հետևից: Էլմիրան փոքրիկ ուսումնասիրություն է արել և պարզել, որ Ախալքալաքում բազմաթիվ երեխաներ լսողական ու խոսակցական խնդիրներ ունեն, սակայն ծնողները միջոցներ չունեն երեխաներին համապատասխան մասնագետի մոտ տանելու:
«Կարծում եմ, եթե մարդիկ իմանան, որ կա նման ուսուցիչ, ով պատրաստ է աշխատել իրենց հետ նրանք ցանկություն կունենան գալ և սովորել ժեստերի լեզուն, որի շնորհիվ կդառնան հասարակության լիարժեք անդամ: Դրա համար անհրաժեշտ է, որ առաջնահերթ ես ավարտին հասցնեմ իմ կրթությունը, որին մնացել է 3 ամիս, հույս ունեմ, որ ծրագիրը կունենա շարունակություն և ես կկարողանամ իմ նպատակին հասնել»:
Սկզբից Էլմիրան մտավախություն է ունեցել կապված հասարակության կարծիքի հետ՝ ամաչել է մարդկանց ներկայությամբ օգտագործել ժեստերի լեզուն, բայց ժամանակի հետ սկսել է ընտելանալ և հաղթահարել բոլոր կոմպլեքսները: Հիմա կարողանում է ազատ օգտագործել իր իմացածը:
Սովորելու ժամանակ միակ խնդիրը եղել է ուսուցչի հետ նախնական շփումը, քանի որ Էլմիրա Գինոյանը լավ չի տիրապետում վրացերենին: Նա մասնակցել է նաև վրաց լեզվի, համակարգչային խմբակների և մի շարք ծրագրերի, ստացել բազում սերտիֆիկատներ, ինչպես նաև անցկացրել է տեղեկատվական հանդիպումներ կանանց համար:
«Մեր շրջանում կանայք շատ պասիվ են, իսկ ծրագրի շրջանակներում շատերը սկսեցին ավելի ազատ և ակտիվ լինել,մտածել և իրականացնել իրենց համար նախենտրելի ծրագրեր, ցույց տալ իրենց հնարավորությունները, նույնը եղավ նաև իմ դեպքում: Եթե այս ծրագիրը չլիներ ես երբեք չէի համարձակվի սկսել այն ինչ անում եմ հիմա»:
Եթե կորոնավիրուսային համավարակը շատերին խանգարել է, ապա Էլմիրայի դեպքում հակառակն է եղել: տանը մնալով նա ավելի շատ ազատ ժամանակ է ունեցել դասերին տրամադրելու համար, որը նրան օգնել է ավելի արագ հաղթահարել դժվարությունները:
Ժեստերի լեզու (հայտնի նաև որպես նշանների լեզու), լեզու, որն օգտագործում է տեսողական-շարժողական մեխանիզմը միտք արտահայտելու համար։ Լեզուն արտահայտվում է շարժողական նշանահամակարգերով՝ զուգակցված ոչ շարժողական տարրերով։ Ժեստերի լեզուները լրիվ նման են բնական լեզուներին իրենց սեփական գրականությամբ և բառապաշարով։
Դեռ պարզ չէ, թե գործածական քանի ժեստերի լեզու կա աշխարհում։ Ամեն երկիր ունի իր սեփական մայրենի ժեստերի լեզուն, որոշները նույնիսկ մեկից ավելին ունեն։
Լիդա Ալմասյան