Ախալքալաքում քաղաքացիները բողոքում են այն փաստից, որ ամբողջ քաղաքում շրջում են թափառական շներ, որոնք վախի մեջ են պահում իրենց:

Jnews-ը բազում բողոքներ է ստանում նախկին զինվորական ավանի բնակիչներից, սակայն քաղաքում ևս ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թափառական շների, որոնք իրենց ագրեսիվ վարքով անհանգստացնում և վախեցնում են բնակիչներին:

Մեզ հասած բողոքների մեծամասնությունը այն ծնողներից էր, ովքեր վաղ առավոտյան դպրոց են ուղեկցում երեխաներին և նրանց խոսքով օրվա հենց այդ ժամերին են նրանք հանդիպում շների խմբերին, իսկ ոմանք էլ նշում են, որ աշխատանքից վերադառնալիս են հանդիպում նրանց՝ երեկոյան ժամերին:

«Ամեն առավոտ երեխայիս վախով եմ դպրոց տանում, ճանապարհին յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել թափառական շների, նրանք միշտ էլ եղել են, բայց ոչ այսքան ագրեսիվ, վերջին շրջանում նրանցից վախենում են բոլորը, քանի որ հարձակվում են մարդկանց վրա: Վախենում եմ երեխայիս անգամ մոտակա խանութ ուղարկել՝ մտածելով, որ ճանապարհին կարող են հարձակվել և կծել նրան: Կարող եմ ասել, որ այդ վախը բոլորիս առօրյան է փոխել, քանզի վախենում ենք անգամ հարևանի տուն գնալ,՛ որը մի քանի քայլի վրա է», – ասում է նախկին զինվորական ավանի բնակիչներից մեկը, հավելելով, շները հիմնականում քաղաքին կապող կամուրջի վրա են հավաքվում՝ խանգարելով մարդկանց ազատ տեղաշարժին:

Մեկ այլ բնակիչ պատմեց երկու օր առաջ տեղի ունեցած դեպքի մասին, երբ բնակիչների աչքի առաջ շները հարձակվել են միջին տարիքի տղամարդու վրա, իսկ ականատեսները ոչ մի կերպ չեն կարողացել օգնել նրան՝ վախենալով, որ գազազած շները կարող են իրենց վրա հարձակվել: Բնակիչների խոսքով, շները բավականին մեծ չափի են, ինչը կրկնապատկում է մարդկանց վախը:

Այսպիսի պատմություններ, դեպքեր և բողոքներ կարելի է անվերջ լսել, քանի որ դրանք ամեն օր են տեղի ունենում: Հարցը օդում կախված է մնացել, քաղաքացիները մտադիր են սույն խնդրով դիմել քաղաքապետարանին:

Jnews-ը փորձեց Ախալքալաքի քաղաքապետարանից պարզել, թե ի՞նչ ծրագրեր կան ապագայում կապված այս խնդրի լուծման հետ:

Բնապահպանական և միջավայրի պաշտպանության ծառայության պետ Ռամազ Խուցիշվիլին պարզաբանում է. «Մենք ամեն տարի հայտարարում ենք տենդեր, որպեսզի իրականացվի համապատասխան աշխատանքներ այդ ուղղությամբ: Այս տարի ևս կա բյուջեից հատկացված գումար՝ 26000 լարի: Մենք ևս շատ ենք ստանում բողոքներ թափառական շների վերաբերյալ և փորձում ենք լուծումներ գտնել: Իրոք մեծ խնդիր էհանդիսանում: Ներկա պահին չեմ կարող հստակ տեղեկություն տալ, բայց մոտակա 1-2 ամսվա ընթացքում երևի թե կկարողանանք անդրադառնալ այս հարցին»:

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ այս տարի՝ 2022 թվականի առաջին ամիսներին գրանցվել է շան կծելու 9 դեպք:

Լիդա Ալմասյան