Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ։ Կրեմլի պաշտոնական էջը հայտարարությու է տարածել:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ գերիների ու դիերի փոխանակման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։
Խորհրդատվությունների անցկացման նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»,- ասված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի լույս 9-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ:
Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։