Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին առավոտյան հայտնել է ԱՀ ՊԲ-ը։

«Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձեռնարկելով հարձակման փորձեր:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու և պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ՊԲ-ն հայտնում է նաև, որ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Պատերազմական կորուստներ

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանի դեմ մարտերում զոհված ևս 29 զինծառայողի անուն:

Այսպիսով, հաշվի առնելով մինչ օրս հրապարակված տվյալները, սեպտեմբերի 27-ից շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմից ընդհանուր առմամբ սպանվել է 633 զինվոր:

Նշենք, որ Ադրբեջանը չի հրապարակում իր ռազմական կորուստների մասին տվյալները՝ զեկուցելով միայն խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:

Մինչդեռ հայկական կողմը հավաստիացնում է, որ Ադրբեջանն արդեն կորցրել է միլիարդավոր դոլարի արժողությամբ ռազմական տեխնիկա և կորուստ կրել շուրջ 6000 զինծառայողների տեսքով:

Միջազգային հանրություն

Ղարաբաղյան խնդրին կրկին անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նա, մասնավորապես, ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում շատ վտանգավոր է: «Հիմա մենք ունենք Թուրքիա, որ միջամտել է և ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով վտանգը ու թեժացնելով Ղարաբաղի համար մղվող պատմական կռիվը, Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ», – նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել նրա դեմ, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան դա տեղի կունենա, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել. Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է», – շեշտել է Փոմփեոն` հավելելով ևս մեկ անգամ, որ այդ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, ոչ թե պատերազմական ճանապարհով, առավել ևս երրորդ երկրների միջամտությամբ:

Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդարձակմանը նպաստելու և Եվրոպական միության նկատմամբ սադրիչ քայլերի դիմելու համար:

«Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Սասսոլին: