Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել է, որ մեկնում է առաջնագիծ:
«Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու եւ արարելու իրավունքը: Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով», – ասել է Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է: