Ադրբեջանն այսօրվա մեջ երկրորդ անգամ է հարվածել է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցուն՝ նոր ավերածություններ պատճառելով։
Հարվածի պահին եկեղեցում ռուս լրագրողներ են եղել։
«Կան տուժածներ։ Այդ թվում՝ ռուս լրագրողներ»,- նշում է աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Էլի վիրավոր լրագրող. Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»,- գրել է նա` հավելելով, որ նրանցից մեկի վիճակը ծանր է, նախնական տվյալով՝ ռուս լրագրողին վիրահատում են։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնոկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները։
Հոկտեմբերի 8-ին հակառակորդն արդեն մեկ անգամ հարվածել էր եկեղեցուն՝ վնասելով այն։ Այդ պահին նկուղում երեխաներ և կանայք են եղել։
Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998 թվականից։
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամյանի