Հայաստանում մարտի 5-ին պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է՝ 5 կուսակցություն և 4 նախընտրական դաշինք:

Կուսակցություններից ընտրապայքարում են իշխող Հանրապետականը (ՀՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը (ՀՎԿ) և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ):

Դաշինքներից ընտրողների ձայների համար պայքարում են Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կոնգրես-ՀԺԿ»-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինք»-ը։

ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ ցուցակի առաջին համարն է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Հայկական վերածնունդի» առաջին համարն է Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, Կոմկուսի առաջին համարը Վազգեն Սաֆարյանն է:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան դաշինք»-ը՝ Գագիկ Ծառուկյանը, «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքում առաջին համարը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, «Ելք» դաշինքի ցուցակում առաջին համարը Էդմոն Մարուքյանն է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրութուններին մասնակցելու համար առաջադրվել է 1558 պատգամավորության թեկնածու: Նշենք, որ փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, սակայն, կախված այն հանգամանքից, թե ընտրությունները քանի փուլով կընթանան, խորհրդարանի տեղերի քանակը կարող է հասնել մինչև 180-ի:

Ըստ ոստիկանության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ 2 միլիոն 564 հազար 734-ն է։

Հայաստանում խորհրդարանական այս ընտրությունները առանձնանում են նրանով, որ 2015 թվականի սահմանադրության փոփոխություններից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն է։ Այսինքն այսուհետ Հայաստանի Հանրապետությունը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին:

Այս օրերին Հայաստանում քաղաքական ուժերը ակտիվ քարոզարշավ են անցկացնում բնակչության հետ, այցելում են մարզեր ու գյուղական բնակավայրեր, ժողովրդին ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերն ու տեսլականը: Բնականաբար հայաստանյան քաղաքական դաշտում արդեն իսկ գործունեություն ծավալած ուժերը իրենց համար տրամաբանական արդարացումներ կգտնեն խոստացած, սակայն չիրականացրած ծրագրերի համար, միաժամանակ ներկայացնելով նորը: Իսկ ընդդիմությունն ինչպես միշտ շեշտադրումը կդնի իշխանության բացթողումների վրա և թե ինչպես իրենք հեշտությամբ կլուծեն երկրի առջև ծառացած խնդիրները:

Ըստ վերլուծաբանների Խորհրդարան առաջին տեղով անցնելու և կառավարություն ձևավորելու շուրջ քաղաքական պայքարը հիմնականում գնալու է «Ծառուկյան» դաշինքի և Հայաստանի Հանրապետական Կուսակցության միջև:

Ամփոփելով խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի մեկնարկային ցուցանիշները պարզ է դարձել, որ մինչ պաշտոնական քարորզարշավի մեկնարկը փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը անցկացված հարցումներին մասնակցել է 1146 քաղաքացի և առաջին երկու հորիզոնականները բաժանում են ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն:

Բոլոր քաղաքական ուժերը կպայքարեն հինգ տոկոսի շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու համար:

Աղունիկ Այվազյան