Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մեր կարծիքով, hավաքական անվտանգության վերաբերյալ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող անտեսվել մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այդ պայմանագրին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», – ասել է Փաշինյանը։
Հայաստանը բազմիցս է մեղադրել ՀԱՊԿ–ին ՀՀ հանդեպ իր պարտավորությունները չկատարելու մեջ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ մի սպասելիք ՀԱՊԿ–ից չկա, քանի որ այդ կազմակերպությունից «համարժեք արձագանք» չի եղել 2022–ի սեպտեմբերին, Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ։
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին և այլ միջոցառումներին, ինչպես նաև համատեղ զորավարժություններին։ 2023–ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։