Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ջավախահայությունն իր զորակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին:

JNEWS-ի հաշվարկով, Ախալքալաքի մարզադաշտում մոտավոր 5-8 հազար մարդ էր հավաքվել՝ Ախալքալաքից, Ախալցիխեից, Նինոծմինդայից, Ծալկայից և այլ հայաշատ վայրերից: Հանրահավաքը մեկնարկեց տերունական աղոթքով: Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը խոսքով դիմեց ներկաներին:

«Մենք՝ մեր նահատակ եղբայրներով չենք սգում, այլ հպարտանում ենք նրանցով», – իր խոսքում նշեց Տեր Տիգրանը:

Ջավախքի հայությունն ուշի ուշով հետևում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին, և շարունակում է դրամահավաք իրականացնել:

«Յուրաքանչյուրս կանգնել ենք Արցախի և մայր Հայաստանի կողքին, չկա գեթ մի գյուղ, չկա գեթ մի քաղաք, որ անմասն է մնացել այս համազգային մեծ օգնությունից։ Ջավախքում ամեն մի գյուղ, ամեն մի տարածք, լինի գումարով, լինի պարենային օգնությամբ, լինի հագուստով, գիշեր թե ցերեկ, պատրսատ է իր աջակցությունը բերելու Արցախին, Հայաստանին։ Այս նվիրատվությունը չի դադարելու այնքան ժամանակ, մինչև չդադարի այն պատերազմը, որ այժմ ընթանում է Արցախ աշխարհում։ Սիրելի ժողովուրդ, մենք թիկունքն ենք և համոզված եմ, որ թիկունքը նույնպես հզոր է, ինչպես հզոր է այսօր առաջնագծում կանգնած զինվորը։ Թիկունքը այնքան պիտի հզոր լինի, որ առաջնագծում ծառայող մեր զինվորը միայն մտածի առաջ գնալու մասին», – դիմեց հոգևորականը ցուցարարներին:

hay9

Միաժամանակ հավելելով, որ այս հավաքը կոնկրետ կազմակերպիչներ չունի. «Չունենք կազմակերպիչներ, չունենք ուժեր քաղաքական, ոչ քաղաքական, ովքեր սատարում են, մենք ունենք մի ուժ, որի անունն է հայ ազգ, այլ ուժեր չունենք»:

Հանրահավաքի մասնակիցները վստահեցնում են, եթե պահը գա, իրենք պատրաստ են միանալու սահմանին կռիվ տվող հայ զինվորին:

Karen

«Մենք կմիանանք մեր հայրենակիցներին, ոչ ոք թող չկասկածի, հաղթելու ենք: Այսօր հայ զինվորի թիկունքն ամուր է, ինչպես երբևէ: Կանգնած ենք և կանգնելու ենք մեր եղբայրների կողքին»,- ասաց խաղաղ հավաքի մասնակիցներից մեկը:

«Եկել ենք այստեղ մեր միասնականությունն ու պատրաստակամությունը հայտնելու: Ինչով կարողանում ենք, օգնւոմ ենք, տարբեր խմբերով մեր դպրոցականները, երիտասարդները, մեծերը, բոլորը ինչ որ բան են հավաքում Արցախի համար: Սա մեծ ոգևորություն է, մեծ ուժ: Սահմանին կռվող զինվորը պետք է զգա, որ ինքը մենակ չէ»,- ասաց մեկ այլ մասնակից:

akcia4

«Այստեղ եմ, որ թեկուզ այսքան հեռու, բայց սահմանին կանգնած տղաներն զգան, որ հայ ազգը միասնական է և պայքարելու է մինչև վերջ»,- ասաց մեկ այլ մասնակից:

«Մենք չենք ուզում, որ որևիցէ մեկի դեմքից պակասի ժպիտը, չենք ուզում, որ մեր միջից դուրս գա սերը, մենք առավել քան այսօր պատրաստ ենք իրար սիրելու, զիջելու, կողքի դնելու մեր խռովությունները և մեկ նպատակի համար ծառայելու, այդ նպատակը մեր հոգում եղած հայի գենն է», – ասաց հանրահավաքի եկածներից մեկը:

akcia7>

«Մեր ինքնաբուխ հավաքի նպատակն է, հայտնել մեր զորակցությունը և պատրաստակամությունը, ժամ առաջ լինել մեր եղբայրների կողքին, ովքեր այսօր անձնվիրաբար անտեսելով մահը մարտնչում են, ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլև ահաբեկիչների դեմ։ Այսօր ցեղասպանությունից 105 տարի անց, հայությունը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։ Այս մարտահրավերը ոչ միայն հայ ժողովրդին է ուղղված, այլ համայն քրիստոնյա ազգին, մեր պայքարը հանուն աստվածատուր ապրելու իրավունքի է, հանուն քաղաքակրթական արժեքների, մենք վստահ ենք, որ մեր պայքարը կպսակվի հաջողությամբ», – ասաց խաղաղ հավաքի մասնակիցներից Անդրանիկ Ղարսլյանը։

akcia3

«Ժողովուրդ ջան, մեր հակառակորդը, մեր թշնամին մեզ որոշել է բնաջնջել, մենք գոյության կռիվ ունենք, մեր տեսակը պահպանելու, դրա համար, ամեն օր, ամեն ժամ այդ ամենը պետք է գիտակցենք, մենք պետք է զգանք, թե որտեղ ենք ապրում, ինչ պայմանների մեջ ենք ապրում: Ամեն լուսաբացին մենք պետք է հայ արթնանաք և հայ քնենք, այս պատերազմը երկար կտևի, շատ աշխատանք կա անելու, դրա համար մենք պետք է չհոգնենք, պետք է կազմակերպվենք, պետք է պայքարենք։ Այսօր մենք բոլորս պետք է դառնանք Արցախցի, ամեն մի հայ պետք է իրեն Արցախցի զգա»,- նշեց հավաքի մասնակիցներից մեկը, ով հատուկ Ախալցիխեից Ախալքալաք էր եկել հավաքին մասնակցելու նպատակով:

akcia1

Ջավախահայությունը վանկարկելով՝ «Հաղթելու ենք» և տարբեր հայրենասիրական ու ռազմական երգեր կատարելով մարզադաշտից քայլեց դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեում հոգևորականների գլխավորությամբ կատարվեց Տերունական աղոթք և մոմավառություն:

akcia8

Ֆոտոպատում. «Ջավախքն Արցախի կողքին է» խաղաղ հանրահավաքից

Ախալքալաքում անցկացվում է ցույց՝ «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով