Անհայտ դիմակավորը գիշերները վախեցնում է Գոման գյուղի բնակիչներին թակելով ու ջարդելով դռներն ու պատուհանները, իսկ վերջերս սկսել է հարձակվել մարդկանց վրա, հիմնականում՝ տղաների։

Վերջերս jnews.ge լրատվականի խմբագրությունը նամակ ստացավ, որտեղ Գոման գյուղի 8-րդ դասարանի աշակերտ Ափեթ Բանդիկյանը տեղեկացրեց, որ ինչ-որ առեղծվածային արարած ահաբեկում է գյուղի բնակչությանը։

Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա ամռանը։ Այն ժամանակ պատմությունը վերածվեց անհավատալի լեգենդների, որոնք կասկածի տակ էին դնում պատմության ստույգությունն «անբռնվելիի» մասին, ով մի քանի ամիս ահի մեջ էր պահում ողջ Ախալքալաքի շրջանը։

Հասնելով Գոման գյուղի մարդաշատ վայր, որտեղ գյուղի բնակիչները անցկացնում են իրենց ազատ ժամանակը խաղալով խաղաթուղթ, նարդի ու շախմատ մենք սկսեցինք հետաքրքրվել, թե ի՞նչն է մարդկանց վախի պատճառը։ Ի զարմանս մեզ բնակիչները շատ «բաց» գտնվեցին և սկսեցին ամեն կողմից պատմել տարօրինակ «հանելուկի» մասին։

«Նա անհետանում է, չենք կարող գտնել։ Մեր տուն էլ է եկել, գիշերվա 12–ն էր ժամը: Հարսս լսեց ու ասաց, որ ինչ-որ մեկը թակում է պատուհանը։ Նա միացրեց լույսը ես գնացի և ստուգեցի շրջակայքը։ Ոչ-ոք չկար։ Դրանից հետո նա ինձ չի հանդիպել», – ասում է Գոման գյուղի բնակիչը։

Ինչպես պարզվեց, պատուհան և դուռ թակելուց հետո անհայտը սկսել է փշրել գյուղի տների պատուհանները, սակայն դրանով չի սահմանափակվել։ Գյուղացիները մեզ ուղղորդեցին այն մարդկանց մոտ, որոնք տեսել էին նրան և նույնիսկ ֆիզիկապես տուժել էին նրանից։ Ինչպես պարզվեց վերջերս “հանելուկը” սկսել է հարձակվել գյուղացիների վրա։

Гоман

«Դա 100% մարդ էր, բոյով երիտասաարդ։ Երբ նա հարձակվեց իմ վրա, մենակ էր։ Հագնված էր կաշվե բաճկոն ու շագանակագույն տաբատ։ Նրա երեսը ահարկու էր, ինչ-որ դիմակ էր կրում։ Ես կանգնած էի տան բակում, ընկերներիս էի ճանապարհում։ Նա առաջինը հարձակվեց, սկսեց քաշքշել ու ծեծել։ Ես գոռացի օգնեցեք, ընկերներս լսեցին և վազեցին, բայց մինչ այդ ես կարողացա կացինով հարվածել նրան ու փախավ», – պատմեց Սերգեյ Հովսեփյանը։

ГОман 3

Սակայն այս դեպքը առաջինը չէր։ Առաջին զոհը 22-ամյա Փիլոյան Անդոն էր։ Տուժածի խոսքերով հարձակումը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 11-ին։

Гоман 1

«Ես տուն էի գնում, ճանապարհին ինչ-որ մեկը հետևիցս կանչեց «ծո, կայնի», ես կանգնեցի և նա միանգամից հարձակվեց։ Տեսա, որ նա դիմակով էր։ Նա հարձակվեց մենք կռվեցինք, այնպես խփեց, որ գիտակցությունս կորցրի։ Նա մեր գյուղից ոչ մեկին նման չէր։ Հագնված էր սև շորեր և երեսը ծածկել էր սև լաթով։ Հետո հիշում եմ միայն այն, որ արթնացա ցեխաջրի մեջ ձեռքերս վերքեր էին, տաբատս կտրատված։ Ոստիկանություն կանչեցինք, եկան լուսանկարեցին ու գնացին։ Ոստիկաններն ուսումնասիրեցին տարածքը, բայց այդպես էլ նրան չգտան», – պատմում է Փիլոյան Անդոն։

Гоман 2

Բնակիչներն այնքան են վախեցած, որ երեկոյան խուսափում են տներից դուրս գալ, իսկ նախքան այդ երեկոյան ժամերին ազատ գնում էին հարևանների տները հյուր: Հիմա դա քչերն են անում։
Բազմիցս բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին: Նրանց խոսքերով ոստիկանները շատ անգամ են գյուղ եկել, նույնիսկ հատուկ ջոկատայինները: Սակայն մինչ օրս «առեղծվածի» ինքնությունը բացահայտված չէ:

Հետաքրքիր է այն փաստը, որ հարձակվողի վրա չեն հաչում նույնիսկ գյուղի շները, որոնք զգոն են օտարների հանդեպ։ Այն հարցին, թե հնարավոր է, որ ահաբեկողը իրենց գյուղից է գյուղացիները պատասխանցին, որ դա անհնարին է.
«Եթե իմանանք, որ նա մեր գյուղից է, կբռնենք ու կոպիտ ասած լեզուն կկտրենք»:

Նմանատիպ գործողությունները դատվում են ադմինիստրատիվ և քրեական օրենսդրության տարբեր հոդվածներով։ Տվյալ “էակը” կարող է ստանալ մինչև 5 տարի ազատազրկում։

Քրիստինե Մարաբյան