Մատնահարդարման վարպետ Լիլի Չարչյանը մատնահարդարման արվեստի միջազգային մրցույթների հաղթող է: Նա պատրաստվում է հավաքել աղջիկների մի խումբ՝ Ջավախքի կարիքավոր ընտանիքներից և սովորեցնել նրանց իր հմտությունները, որպեսզի աղջիկներն իրենք որոշեն ինչպես ապրել, այլ ոչ թե կյանքը որորշի նրանց փոխարեն:

Ժամանակ առ ժամանակ այլ երկրներ տեղափոխված Ջավախքի նախկին բնակիչները փորձում են ինչ-որ բան անել իրենց հայրենիքի համար: Այսպիսով, օրինակ, կառուցվեց Թումասի կամուրջը, որը միացնում է Ախալքալաքը Խուլգումո գյուղին, Կումուրդո գյուղի հոյակապ դպրոցը և բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Ծագումով Հեշտիա գյուղից Լիլի Չարչյանը նույնպես նախատեսում էր օգնել Ջավախքի կարիքավոր ընտանիքներին, բայց համավարակը խանգարեց:

Մատնահարդար Լիլի Չարչյանը ծագումով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից է, ապրում է Ռուսաստանի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկ գյուղում: Ջավախքի շատ բնակիչների նման, Լիլին լքել է իր հայրենիքն ավելի լավ կենսապայմանների համար, ապրել վարձով բնակարաններում, անխոնջ աշխատել օտար երկրում ապրելու համար:

«Եկանք Ռուսաստան, քանի որ այն ժամանակ ամուսնուս աշխատանքն այստեղ էր, հարազատությունս էլ էր այստեղ: Հետո ես ու ամուսինս բաժանվեցինք: Մի աղջնակ էի Վրաստանի գյուղական տեղանքից, ով չգիտեր լեզու: Ես այդ ժամանակ աշխատում էի սրճարանում, լվանում հատակներ, սպասք, կատարում տարաբնույթ աշխատանք: Մենք ապրում էինք վարձակալած բնակարանում… հետո ես որպես աղախին էի աշխատում՝ տարբեր տեղերում, գումար հավաքեցի ու մեկնեցի Նովոռոսիյսկ ու այնտեղ մասնագիտությանս տիրապետեցի: Վարպետը հայուհի էր, և ես շատ գոհ և շնորհակալ եմ նրանից: Ես նրա մոտ մեկ ամիս սովորեցի, վերադարձա Տուապսե և սկսեցի կամաց-կամաց աշխատել», – պատմում է Լիլին:

Lili4

Ըստ նրա, հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ փոխվեց իր կյանքում:

«Այնպես ստացվեց, որ ես ստացա առաջարկ, մրցույթին մասնակցելու հրավեր: Տեսան իմ աշխատանքները: Նրանք ինձ փորձեցին համոզել, որ չգնամ, ասում էին, որ չեմ կարողանա, քանի որ նոր էի սկսել աշխատել, ընդամենը մեկ տարի էի աշխատում, ասում էին, որ այնտեղ ավելի հաջող վարպետներ կլինեն, և ես չեմ կարողանա որևէ տեղ գրավել: Ես որոշեցի՝ ինչ լինում է, թող լինի, ամեն դեպքում կմասնակցեմ: Ես գնացի 2019-ին` փետրվարին, և զբաղեցրի 2-րդ և 3-րդ տեղերը: Այնուհետև կրկին հրավեր ստացա 2019-ին Թուրքիայից՝ Անթալիայից: Այս անգամ արդեն այնտեղ գնացինք մեր ամբողջ թիմով: Մասնակցում էր 36 երկիր: Այնտեղ ես գրավեցի առաջին տեղը: Այդ ժամանակ Վրաստանից նույնպես մասնակիցներ կային, և Վրաստանից մասնակիցն ինձ շապիկ նվիրեց, երբ իմացավ, որ վիրահայ եմ», – հիշում է նա:

Ուղևորությունը դեպի Թուրքիա և առաջին տեղի մրցանակը շարունակեցին փոփոխությունները Լիլիի կյանքում, նա արդեն ինքնաբավ կին էր, ով ուզում էր օգնել ուրիշներին:

«Ես երբ վերադարձա Թուրքիայից՝ արդեն այդ ժամանակ որոշեցի, որ անապահով ընտանիքների երեխաներին պետք է առաջ մղել: Գաղափարը հենց այդտեղից հղացավ: Ամեն ինչ կապված է փողի հետ, և հաճախ փողն է որոշում, թե ինչպես մարդիկ ապրեն, երբ փող չկա, հնարավոր չէ առաջ գնալ: Դժվարությունների միջով անցած մարդը դա հասկանում է», – ասում է նա:

Lili1

Հետո նա որոշեց գալ Վրաստան՝ հայրենի գյուղ, և սկսել օգնել հենց այստեղից: Այս հարցում նրան սկսեցին օգնել նրա հարազատները:

«Կորոնավիրուսից առաջ ես եկա և հայտարարեցի անապահով ընտանիքների երեխաներին հավաքելու մասին: Պետք է մասնակցեին երեխաները Նինոծմինդայից և Ախալքալաքից: Իմ զարմիկը՝ Նինոծմինդայի Սակրեբուլոյի պատգամավորը, ինձ օգնեց, նա ասաց, որ յուրաքանչյուր գյուղից կարող ես ընտրել երկու հոգու և նրանց մատնահարդարում սովորեցնել: Ես ուզում էի ինձ սենյակ տրամադրեին, որպեսզի կարողանայի երեխաներին սովորեցնել, նյութերն ու այն բոլոր պարագաները ես կբերեի ինձ հետ: Դրանք արդեն գնել էի և մինչ օրս գտնվում են ինձ մոտ: Գրեթե ամեն ինչ արդեն կազմակերպված էր: Նախատեսում էի գալ անցած տարի, բայց չստացվեց, ճանապարհները փակ էին: Երբ ամեն ինչ լավ լինի, ճանապարհները կբացվեն, ես անպայման կգամ: Ես ուզում եմ այս ընթացքում իմ կուտակած ողջ գիտելիքը փոխանցել այս երեխաներին, վկայականներ կտամ, որպեսզի նրանք կարողանան իրենց հացի փողը վաստակել», – իր ծրագրերի մասին ասում է Լիլի Չարչյանը:

Լիլին ոգեւորությամբ պատմում է, որ այս մասնագիտությամբ է ամեն ինչի հասել: Նա իր գիտելիքները փոխանցում է արդեն իսկ ուսանող իր աշակերտներին:

«Մարդ պետք է սիրի իր գործը: Եթե դու չես սիրում քո աշխատանքը, այն չի ստացվի: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ մենք պետք է ընտրենք երեխաներին, ովքեր կցանկանան սրանով զբաղվել: Իհարկե, պետք է ինքդ քո վրա աշխատես, որպեսզի ավելի բարձր որակավորում ունենաս: Ես աշխատում եմ արդեն 3 տարի, և երբ մասնակցում եմ մրցույթների, ես առանձին դասընթացների եմ մասնակցում և նոր բաներ եմ սովորում: Սա այնպիսի գործունեություն է, որը պահանջում է աշխատել ինքդ քո վրա, քանի որ նորարարություններն անպակաս են», – ասում է նա:

Լիլին կարծում է, որ դժվարություններն իրենից ուժեղ կնոջ կերպար են կոփել, նրա ճակատագրի վրա ազդել են ծնողների վաղաժամ մահը, վաղ ամուսնությունը: Այժմ նա իր կյանքի փորձը փոխանցում է գերազանցիկ որդուն, որը 18 տարեկան է, և ում համար բարձրագույն կրթությունը գերնպատակ է հանդիսանում:

«Ես 17 տարեկան էի, երբ ամուսնացա: Ամուսինս ինձնից 7 տարով մեծ էր, և մենք սիրում էինք միմյանց: Դպրոցն ավարտելուն պես մենք անմիջապես ամուսնացանք: Շատ եմ ափսոսում, որ շուտ եմ ամուսնացել: 17-ը ամուսնության տարիք չէ: Եթե այժմյան խելքն ունենայի, ապա ավելի լավ կլիներ, եթե ես կրթություն ստանայի: Ինչ-որ բանի հասնեի, ապա միայն ընտանիք կկազմեի», – կիսվում է Լիլին:

Բայցևայնպես, նա անհամբեր սպասում է համավարակի հետ կապված սահմանափակումների ավարտին՝ իր հայրենի Ջավախք վերադառնալու և իր ծրագիրը կյանքի կոչելու համար, հասնելու համար ևս մեկ նպատակի, որն իր առջև դրել է այս փխրուն, բայց միևնույն ժամանակ, երկաթե կինը:

Քրիստինե Մարաբյան