Շարունակելով ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ազդեցության մասին, JNEWS-ը եղավ Ախալքալաքի շրջանի Կոթելիա, Չամդուրա և Մուրջախեթ գյուղերում, որտեղի բնակիչները հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի կամ չեն գնում, կամ շատ քիչ են գնում:

Ջավախքում հազարավոր ընտանիքներ, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանից դրամական փոխանցումներն են ռուբլով, այս օրերին ծանր կացության մեջ են հայտնվել։ Եթե ընդամենը 10 օր առաջ նրանք 1000 ռուբլու դիմաց կարող էին ստանալ 42 լարի, ապա այժմ՝ 24 լարի։ Ռուբլու նկատմամբ վստահությունն օր օրի նվազում է:

Կոթելիա, Չամդուրա և Մուրջախեթ գյուղերում բնակչությունը ևս մեկ անգամ վերահաստատում է այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը շատ մեծ հետևանքներ է թողնում ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Վրաստանի տնտեսության վրա:

«Այս պատերազմը ոչ միայն Վրաստանին և Ախալքալաքին, այլ նաև ողջ աշխարհի վրա է ազդեցություն ունենում», – ասում է Կոթելիա գյուղի բնակիչներից մեկը:

Այստեղից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի շատ քիչ են մեկնում, հիմնականում մարդիկ տեղում են աշխատում, կամ այլ հարևան երկրներում։

kotelia

«Կոթելիայի բնակչությունը տնտեսական կախվածություն Ռուսաստանից չունի, սակայն մեր հարևանները ուղղակի կապ ունեն, ինչպես նաև մեր պետությունը Ռուսաստանի հետ և այսպես շարունակ։ Ես կարճ կպատասխանեմ, որ որոշակի զգուշություն ցուցաբերել մեզ պետք է, քանի որ մենք այնպիսի տարածքում ենք, որը մտնում է Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ։ Մոտավորապես մեկ միլիոն մարդ մեր երկրից գնացել է Ռուսաստան, կապ չունի հայեր են, ադրբեջանցիներ թե վրացիներ և այնտեղից, գումար են բերում մեր երկիր, բնականաբար տնտեսական ազդեցություն կունենա»,- ասում է Կոթելիա գյուղի բնակիչը։

Մեր զրուցակիցներից մեկը, ով ամեն տարի գնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, նշում է, որ իր և իր ընտանիքի վրա այս պատերազմը դեռ ազդեցություն չի ունեցել։

«Ես համաձայն չեմ վարչապետի որոշման հետ, որ պատժամիջոցներ չեն կիրառում Ռուսաստանի դեմ: Մենք ինչու՞ պետք է գնանք Ռուսաստան արտագնա աշխատանքի, Ռուսաստանը կառուցենք, այստեղ կաշխատեինք, մեր երկիրը կկառուցեինք։ Իհարկե, եթե պատժամիջոցներ կիրառվեն մեր վրա ևս ազդեցություն կունենա»:

Ի տարբերություն Կոթելիա գյուղի, Չամդուրայում ռուս-ուկրաինական կռիվն ուղիղ ազդում է գյուղացու սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Այստեղի ֆերմերները մինչ այս իրենց բերքն իրացնում էին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում, իսկ հիմա ասում են, որ ոչ մի ռուսական բեռնատար գյուղ չի գալիս:

chamdura2

chamdura3

«Պատերազմի ազդեցությունն ամեն տեղ է: Ամեն ինչ թանկացել է, մեկ պարկ պարարտանյութը դարձել է 200 լարի, վառելանյութը թանկացել է, ռուբլին իջել, ինչպես են մարդիկ ապրելու։ Ռուսաստանից, Ուկրաինայից բեռնատարները գալիս էին և մեր կարտոֆիլը տանում, իսկ հիմա ոչ ոք չի գալիս», – ասում է Չամդուրա գյուղի բնակիչը։

chamdura

murjaxet

Մուրջախեթի երիտասարդությունը հիմնականում մնում է գյուղում և զբաղվում գյուղատնտեսությամբ:

«Այսօր, օրինակ՝ դոլլարը կրկին բարձրացավ, որի հետ մեկտեղ բարձրացավ նաև վառելանյութի գինը, դա էլ վնասում է գյուղատնտեսությանը, բարձր է նաև պարարտանյութի արժեքը։ Եթե մեր կառավարությունը որևէ պատժամիջոց սահմանի Ռուսաստանի դեմ, դրանով նա չի վնասի Ռուսաստանին, այլ հակառակը կլինի, դրա համար կարծում եմ, որ մեր կառավարության որոշումը ճիշտ է։ Սակայն մյուս կողմից էլ Օսիայի պատերազմի ժամանակ, ինչքանով ես եմ տեղեկացված, Ուկրաինան օգնում էր Վրաստանին և Վրաստանի կատարածը մարդկային չի դիտվի», – ասում են երիտասարդները։

Գյուղերում բոլորն անհանգստացած են ներկայիս իրավիճակով, քանի որ ինչպես տեսնում եք կապը Ռուսաստանի հետ շատ մեծ է, բնականաբար պատերազմի ազդեցությունն էլ նույնքան: Բոլորը սպասում են, որը կռիվն օր առաջ վերջանա և իրավիճակը կայունանա:

murjaxet2

Գայանե Ակոջյան