Թբիլիսահայ Իրենա Խառազովան այսօր Ջավախքում էր, որպեսզի իր և իր ընտանիքի օգնությունը փոխանցեր Արցախին: Նա առաջին և դեռևս միակ հայուհին է, որը հաղթահարել է Էվերեստի բարձրունքը (8 848 մետր) և պարզել Արցախի դրոշը:

Իրենա Խառազովայի ծնողները Թբիլիսիից են, սակայն ինքը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում: Նա Հայաստանում մի անգամ է եղել, իսկ Արցախում երբեք չի եղել: Որոշել է պատերազմից հետո անպայման գնալու է Արցախ:

120840868_3232521236803677_523349395144236567_n

Արդեն մեկ շաբաթ է ինչ Իրենան լարված հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին: Նա և իր ընտանիքը որոշել են պարեն և տաք հագուստ և վերմակներ ուղարկել Արցախ: Դրա համար նա այսօր եկել Ջավախք, որպեսզի անձամբ օգնությունը փոխանցի Ախալքալաքի այն երիտասարդներին, ովքեր ոչ միայն դրամահավաք են իրականացնում, այլև հագուստ, դեղորայք ու պարեն են հավաքում, վերադասավորում և ուղարկում Հայաստան:

«Ճիշտ է ես Արցախում չեմ եղել, սակայն չեմ կարող անտարբեր լինել և տանը նստած պարզապես հետևել կռվին: Ես գտնում է, որ յուրաքանչյուր հայի պարտքն է, թեկուզ իր փոքրիկ ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործին»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Իրենա Խառազովան:

120810519_644369559615777_6558121564044750044_n

Ախալքալաքի երիտասարդներից մեկն ասում է, որ մարդկանց հոսքը չի դադարում: Ով ինչով կարողանում է, փորձում է օգտակար լինել:

«Մարդիկ անդադար գալիս են, քաղաքից, գյուղերից, բոլորը պատրաստակամ են օգնելու: Այսօր մեր երիտասարդները, դպրոցական տարիքի երեխաները գալիս ասում են, ինչով կարող են օգնել: Արդեն 6 ֆուռ ուղարկել ենք: Ամեն ինչ դասավորած, առանձին տուփերով»,- ասաց մի երիտասարդ:

Հարկ է նշել, որ այս օրերին օգնություն են հավաքում Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում, Ծալկայում և այլուր:
120614160_3405662922859828_7177794733116185854_n

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։