Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Կիրակնօրյա Սուրբ և Անմահ պատարագի ավարտին՝ Սուբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարել է հոգեհանգստյան կարգ՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Հավատացյալներն աղոթք են բարձրացել առ Աստված նաև գերեվարված զինվորների շուտափույթ վերադարձի և վիրավորների ապաքինման համար:
Հոգեհանգստյան արարողությանն ի թիվս բազմաթիվ հավատացյալների, ներկա է եղել Վրաստանի նորընտիր խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը: