«Վեմ» ընկերությունը գյուղական ճանապարհները ձյունից պետք է մաքրի միայն քաղաքապետի կամ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային բաժնի ղեկավարի զանգից հետո: Շրջանի բնակիչների կանչերին ընկերությունը չպետք է արձագանքի:
Գյուղական ճանապարհները ձյունից և սառույցից մաքրման մրցույթը հաղթել է ՍՊԸ «Վեմ» ընկերությունը: Տենդեր-մրցույթի համաձայն կազմակերպությունը պետք է մաքրի 25 գյուղական ճանապարհ: Տենդերը գործում է մինչ 2018 թվականի հունվարի 1-ը: Հատկացվել է 75 284 14 լարի: Սակայն, այն պատճառով, որ 2017 թ.-ի սկզբին շատ ձյուն տեղաց և լրիվ գումարը ծախսվեց կրկին հայտարարվեց նոր մրցույթ: Մայիսի 22-ին «Վեմ» ընկերությունը Շրջանային վարչության հետ ստորագրեց նոր պայմանագիր 99 386.68 լարիի չափով:
ՍՊԸ «Վեմ» ընկերության տնօրեն Երանուհի Ալեքսանյանի խոսքերով, նրանց խնդիրն այն է, որ ձյան ժամանակ տարբեր վայրերից իրենց զանգում են և նրանք արձագանքում են այդ կանչերին, բայց չպետք է արձագանքեն:
«Լինում է, որ լիազորված անձը զանգում է մեզ և մենք գնում ենք ճանապարհը բացելու: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում ձմռանը ճանապարհին մնալը», – ասում է Երանուհի Ալեքսանյանը:
Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասում է, որ եթե մարդը մնում է ճանապարհին, նա պետք է զանգահարի արտակարգ իրավիճակների ծառայություն, իսկ ՍՊԸ «Վեմ»-ի աշխատակիցը չպետք է գնա յուրաքանչյուրի զանգով:
«Նրանք պետք է գնան իմ կամ քաղաքապետի զանգի դեպքում: Քաղաքապետն ինձ է տեղեկացնելու, իսկ ես՝ նրանց: Յուրաքանչյուրի զանգին նրանք չպիտի գնան, իսկ մեզ պետք է զանգահարեն լիազորները և մասնագետները: Թե չէ ինչպես վերահսկենք, ինչպես իմանանք, թե ում զանգով են նրանք մեկնել, որքան մաքրել, որքան ժամանակ է ծախսվել, ինչ տեխնիկայով են աշխատել: Մեր վճարումը ժամով է: Ես պետք է տեղյակ լինեմ: Կարող է խաբում են, կարող է 10 րոպե են աշխատել, շատ են ասում », – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Նա ընդհանրապես առաջարկում է ճանապարհները մաքրել միայն քամին և բուքը դադարելուց հետո: Կազմակերպության աշխատակիցները պետք է գնահատեն իրավիճակը և չկատարեն անիմաստ աշխատանք:
Գյուղական ճանապարհները մաքրում է «Վեմ»-ը, իսկ քաղաքի փողոցները ձյունից մաքրում է «Սանմաքրում» կազմակերպությունը: Ըստ համապատասխան տենդեր-մրցույթի, ռեագենտները անհրաժեշտության դեպքում պետք է լցնեն 10 փողոցների առանձին հատվածներում, այդ թվում՝ Դերժինսկու, Սարգսյան, Մալխասյան, Դարբինյան, Վազգեն Սարգսյան և մի քանի այլ փողոցներում, ընդհանուրը 53 100 մ \ քառ երկարությամբ, իսկ ձյունից և սառույցից պետք է մաքրեն 11 փողոցների տարածքները (նույն փողոցները, ավելանում է միայն Մկրտիչ Սարգսյան փողոցը), ընդհանուր առմամբ 86 400 մ \ քառ:
Քանի որ հատկացված գումարը բավականացրել է կազմակերպությանը միայն տարվա սկզբի աշխատանքների համար, ուստի ըստ ՍՊԸ «Սանմաքրումի» տնօրեն Պարգև Յորդանյանի ձյունն ու սառույցը առայժմ մաքրելու են միայն Ազատության փողոցում, «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգու շուրջ և Նալբանդյան փողոցի որոշ հատված:
Քաղաքի 11 փողոցները ձյունից մաքրման համար, ըստ ՍՊԸ «Սանմաքրումի» տնօրեն Պարգև Յորդանյանի խոսքերի, շրջանը հատկացրել է 2998 լարի, իսկ ռեագենտներով մշակելու համար`4000 լարի:
Ըստ Պարգև Յորդանանի, նա պատրաստ է մաքրել փողոցները ինչքան կբավարարի մնացած գումարը:
«Այսօր մնացել է 476 լարի մաքրման և 854 լարի ռեագենտների ձեռքբերման համար: Ղեկավարությունը այդ մասին գիտի: Հավանաբար ես մնացած գումարով երկու անգամ կկարողանամ մաքրել քաղաքը ձյունից, իսկ ռեագենտնները կգնեմ, հետո կվճարեմ: Ես հույս ունեի նոր տենդեր-մրցույթի, բայց չենք հասցնի: Կլինի վերակազմակերպում, ամբողջ Վրաստանում բոլոր պետական ՍՊԸ-ները հանում են: Հավանաբար, ՍՊԸ-ի փոխարեն կլինեն «կոմունալ ծառայություն», – ասում է Պարգև Յորդանյանը:
Ախալքալաքի կենտրոնը ձյան տեղումներին պատրաստ է: Կենտրոնի ծանրաբեռնված մայթերում, տեղ տեղ հուշարձանների տակ և խաչմերուկներին կույտերով ռեակտիվները լցված են, որ անհրաժեշտության դեպքում արագ փռեն փողոցները:
Շուշան Շիրինյան