Ինչի վրա է ավելի շատ գումար ծախսվում, սոցփաթեթի որ կետերն են տարեվերջին եղել մեծ մնացորդով, այս մասին Jnews-ը տեղեկացավ Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվությունից։
Ախալքալաքի Սակրեբուլոյի սոցիալական, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերի սկզբին akhalkalaki.gov.ge կայքում հրապարակել է 2023 թվականի 10 ամիսների հաշվետվությունը։ Ըստ այս հաշվետվության՝ 2023 թվականին սոցփաթեթին հատկացվել է 1 մլն 530 հազար լարի, որից տարբեր կետերի վրա ծախսվել է 1 մլն 19 հազար 534 լարի, մնացորդը կազմել է 510 հազար 466 լարի։
Մունիցիպալիտետն ամենաշատ միջոցներ հատկացրել է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, քաղցկեղով հիվանդների և երիկամային անբավարարությամբ հիվանդների անհետաձգելի վիրահատությունների, հետազոտությունների և բուժօգնության համար, այդ թվում են Ախալքալաքի հիվանդանոցի հետ հուշագրով նախատեսված միջոցները՝ 575 000 լարի, որից ծախսվել է 353 449 լարի։
Ամենաշատ միջոցներ ուղղվել են սոցիալապես անապահով ընտանիքների, բազմազավակ ընտանիքների, տարբեր կարգի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հաշմանդամ երեխաների, ծնողազուրկների, 100 տարեկանից բարձր տարեցների, հարկադիր միգրանտների միանվագ սոցիալական աջակցության վրա։ Նրանց վրա ծախսվել է 458 050 լարի, մունիցիպալիտետի կողմից հատկացված էր 566 000 լարի:
Նորածինների ընտանիքների համար Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 2023 թվականին հատկացրել է 200 000 լարի, որից ծախսվել է ընդամենը 102 250 լարի, այս կատեգորիայի մնացորդը կազմում է 97 750 լարի։
«Պատերազմում իրենց հայրենիքը պաշտպանելիս նահատակված, բռնի տեղահանված անձանց, զոհված զինվորների հուղարկավորության արարողությունների համար» կատեգորիայի գումարը չի ծախսվել։ Հատկացված գումարը եղել է 2000 լարի։
Երաժշտական և Գեղարվեստի դպրոցներում սովորողների ուսուցման, ինչպես նաև բակալավրիատի ուսուցման սոցիալական ծրագրի համար մունիցիպալիտետը հատկացրել է 57 000 լարի, որից ծախսվել է ընդամենը 23 530 լարի, մնացորդը՝ 33470 լարի։
Սոցիալապես անապահով ընտանիքների կենսապայմանների բարելավման սոցիալական աջակցության վրա մունիցիպալիտետն ամենաքիչն է ծախսել՝ 8700 լարի 30 000 լարիից:
Մունիցիպալիտետը «Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և բնակչության խոցելի խմբերի դեղերի համար» կետով հատկացրել է 100 000 լարի, ծախսվել է 73 555 լարի, մնացել է 26 445 լարի։