Խոսակցություններ են տարածվում, որ մեծ կռիվ է տեղի ունեցել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սոցկար Փութուլյանի և «Լելո» կուսակցության շտաբի պետի միջև: Նույն տեղեկությունների համաձայն, Սոցկար Փութուլյանը պատրաստվում է հանել իր թեկնածությունը:
JNEWS- ի հետ հեռախոսազրույցում «Լելո» կուսակցության թեկնածուն հերքեց ինչպես ծեծկռտուքի մասին տեղեկությունները, այնպես էլ այն տեղեկությունները, որ նա պատրաստվում է հետ վերցնել իր թեկնածությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից:
«Նման բան չկա: Եթե ես կռվել եմ ու մատս կոտրել եմ, ապա հիմա ինչպե՞ս եմ բուժում մարդկանց: Իմ մասին շատ խոսակցություններ կան, բայց դրանք ճիշտ չեն: Ես չեմ պատրաստվում հետ վերցնել իմ թեկնածությունը ընտրություններից: 4-5 օր առաջ վեճ եղել է, սակայն այդ վեճը կապված էր տեխնիկական հարցերի հետ: Ես չեմ զբաղվում նմանատիպ չնչին խնդիրներով և չեմ խորանում դրանց մեջ: Չեմ կարծում, որ իմ մրցակիցները, որոնց հետ ես անձնական հարաբերություններ ունեմ, կտարածեին նմանատիպ խոսակցություններ: Դա նրանց վայել չէ», – ասաց Սոցկար Փութուլյանը:
Հիշեցնենք, որ «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը սեպտեմբերի 4-ին Սոցկար Փութուլյանին ներկայացրել էր որպես Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքի մեծամասնական թեկնածու: Բժիշկ, մասնագիտությամբ վիրաբույժ Սոցկարը նոր դեմք է քաղաքականության մեջ, ով չունի քաղաքական անցյալ: