Վրաստանում չի հանդարտվում սկանդալը քննարկվող օրինագծերի շուրջ, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքացիական սեկտորին ու ԶԼՄ-ներին։ Ինչ են մտածում Ջավախքի բնակիչները «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման մասին և ինչպես կազդի այս օրենքը քաղաքացիական հատվածի գործունեության և բնակչության վրա՝ ծանոթացե՛ք Jnews-ի ստորև ներկայացված նյութում։

Վրաստանի խորհրդարանում քննարկվում է «Օտարերկրյա գործակալների մասին» փաթեթը, որն իր մեջ ներառում է երկու («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին») օրինագիծ։ Մեկի համաձայն՝ արտերկրից ֆինանսավորում ստացող ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձը և լրատվամիջոցը պետք է գրանցվի որպես օտարերկրյա գործակալ: Մյուս նախագիծը նախատեսում է գրանցել որպես օտարերկրյա ազդեցության գործակալ այնպիսի ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտը (ավելի քան 20%-ը) ստացվում է արտերկրից։

Գրանցման (և այլ) պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ նախատեսելով տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Նինոծմինդայի «Ռադիո NOR»-ի գլխավոր խմբագիր և տնօրեն Արարատ Թթթյանի կարծիքով, «նման բանի» խարանը կխանգարի անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ի տարբերություն տեղական և կենտրոնական բյուջեներից ֆինանսավորվող ԶԼՄ-ների: Այդպիսով հնարավոր կլինի ազդել ԶԼՄ-ների ընկալման վրա՝ որպես մերոնցական և օտարական:

«Առաջին հերթին ես դեմ եմ այս օրենքին։ Որովհետև Ռուսաստանի պրակտիկան, նման օրենքի ընդունումից հետո, ինչպես իրենք են կիրարկել (օրենքն ընդունել են իրավաբանական անձանց, հետո ֆիզիկական անձանց համար), մարդկանց սկսել են գործակալ համարել։ Վրաստանում այս օրենքը մեզ դժվարությունների առաջ է կանգնեցնում որպես լրատվամիջոցի։ Ամեն ինչ գնում է նրան, որ մեզ կհամարեն օտարերկրյա գործակալներ, ինչը կազդի դոնորների վրա՝ վրացական ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորման մոտեցման հարցում։ Դա նման կլինի խարանի, շատ դժվար կլինի աշխատել, միայն «օտարերկրյա գործակալ» բառակապակցությունից մարդիկ մեզ չեն վստահի»,- ասում է Արարատ Թթթյանը։

Ըստ «Ախալքալաքի բիզնես կենտրոնի» տնօրեն Մախարե Մացուկատովի, եթե պետությունը սկսել է ՀԿ-ներից և ԶԼՄ-ներից, դա չի նշանակում, որ նրանցով էլ կավարտի գործակալների փոխակերպումը, և ոչ ոք ապահովգրված չէ այն բանից, որ ֆիզիկական անձինք կամ նախաձեռնող խմբերը, կամ էլ կոոպերատիվները, մոտ ապագայում «գործակալներ» չեն դառնա, ինչը նշանակում է, որ ֆերմերները և մնացածը, ովքեր ստանում էին տարբեր գյուղատնտեսական տեխնիկա և տրակտորներ, սերմեր, ևս կարող են մեկ ակնթարթում գործակալ դառնալ։ Մախարե Մացուկատովի կարծիքով՝ եթե իշխանությունները ցանկանան, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն այս օրենքի ընդունումից հետո կարող են վերածվել «վտարակների», ինչը նշանակում է, որ ոչ ոք չի աշխատի և չի համագործակցի նրանց հետ՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

«Որոշ ֆերմերներ շատ անհանգստացած են, ինձ հարցնում են այն մասին, որ իրենք տրակտոր էին ստանում ԵՄ-ից կամ գյուղատնտեսական օգնություն և այլն, դա ինչ-որ կերպ կազդի իրենց վրա և ինչկերպ: Քանի որ նրանք հասկանում են, որ եթե այս օրենքը, որը խարանում է այլ երկրներից ու հիմնադրամներից ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին, դառնում են գործակալ, դա բացասաբար է ընկալվելու։ Մյուս կողմից, Ջավախքը 70 տարի փակ գոտի էր, և ընդամենը 30 տարի է, ինչ հասարակական կազմակերպություններն աշխատում են այս շրջանը վրացական հասարակության մեջ ինտեգրելու ուղղությամբ, այս գործոնը նույնպես վատ ազդեցություն կունենա դրա վրա։ Եվ երրորդ, այստեղ մեր հայրենակիցներից շատերը մեկնում են Ռուսաստան, և այստեղ ավելի ազդեցիկ է ռուսական քարոզչության ազդեցությունը։ Վրաստանի բնակչության մոտեցումն անհասկանալի է, քանի որ նրանք որպես հարկատու չեն կարող վերահսկել իրենց փողերը, սակայն ցանկանում են վերահսկել այլ երկրների հարկատուներին։ Բնակչությունը պետք է հասկանա, որ դա կեղծ ուղի է, շահարկումներ՝ քաղաքական գործիչների կողմից իրենց անազնիվ եկամուտներն ու հարկատուի անարդյունավետ ծախսերը թաքցնելու համար»,- ասում է Մախարե Մացուկատովը։

«Մեսխ դեմոկրատներ» ՀԿ-ի նախագահ Գիորգի Անդղուլաձեի կարծիքով, այս օրենքի ընդունման արդյունքում կդադարեն գործել ոչ կառավարական և իրավապաշտպան կազմակերպությունները, ինչն առաջին հերթին կազդի բնակչության վրա, չէ՞ որ այդ կազմակերպություններն աշխատում են հենց ի շահ բնակչության։

«Մարդիկ, ովքեր աշխատում են մեդիա-կազմակերպություններում կամ հասարակական կազմակերպություններում, նրանք ունեն սեփական փորձ՝ իրավունքների պաշտպանության, տեղեկատվություն ստանալու, տեղեկացված լինելու, ունեն այլ լրացուցիչ հմտություններ։ Սրանից ելնելով, եթե ՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն ստիպված լինեն դադարեցնել իրենց աշխատանքը, այդ մարդիկ միևնույն է իրենց համար ինչ-որ զբաղմունք կգտնեն, միևնույն է կաշխատեն։ Բայց այն մարդիկ, ովքեր հիմա ինչ-ինչ ծառայություններ են ստանում ինչ-որ նախագծերի միջոցով՝ այդ մարդիկ կմնան անպաշտպան, ոչ ոք նրանց տեղեկատվություն չի տրամադրի, ոչ ոք չի պաշտպանի նրանց իրավունքները, ոչ ոք նրանց փոխարեն կամ նրանց հետ միասին դատարան չի դիմի, եթե վերջիններիս ազատեն աշխատանքից և այլն: Հենց սա կլինի գլխավոր խնդիրը»,- ասում է Գիորգի Անդղուլաձեն։

Կան կազմակերպություններ, որոնք նույնպես պոտենցիալ «օտարերկրյա գործակալներ» են, բայց այն ներառում է երեք հատված՝ հասարակական, բիզնես և պետական։ Այդպիսի կազմակերպություններից է LAG-ը (Տեղական զարգացման խումբ) Ախալքալաքում: Նշենք, որ այս կազմակերպությունը ENPARD ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է 43 տարբեր ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական։ Կազմակերպությունը, ինչպես և մյուս ՀԿ-ները, նպաստում է Ջավախքի հայերի ինտեգրմանը և պետական լեզվի ուսուցմանը և շատ ավելին: Նաև, դոնորների ֆինանսավորման շնորհիվ 6 դպրոցներում բացվել են հաբեր, 16 սոցիալապես անապահով ընտանիքների փոխանցվել են արևային մարտկոցներ և ավելին:

«Ես չեմ կարող ողջ LAG-ի անունից մեկնաբանել թեման, քանի որ մենք դեռ չենք խոսել այս թեմայի շուրջ։ Բայց LAG-ի ոչ կառավարական հատվածը բացասաբար է վերաբերվում այս օրենքին, այս օրենքը չպետք է ընդունվի, և մենք դրա մեջ տրամաբանություն չենք տեսնում։ Քանզի այն, ինչ մենք անում ենք, անում ենք մեր ժողովրդի, մեր պետության զարգացման համար։ Բանն այն է, որ LAG-ի ընդհանուր կառուցվածքը միայն մերը չէ, քանի որ 3 սեկտոր միասին են աշխատում՝ հանրային սեկտորը, հասարակական սեկտորը և բիզնես սեկտորը: Մենք լուծում ենք մեր շրջանի խնդիրները, և, թե ինչպես կարող ենք մենք լուծել այդ խնդիրները, ինչ նախագծեր պետք է անենք դրա համար։ Մենք բոլոր երեք սեկտորների համար միասին մշակել ենք առաջնահերթություններ և ռազմավարություն։ Մենք Վրաստանի պետականության համար վտանգ չենք ներկայացնում, որպեսզի այս օրենքն ընդունելու անհրաժեշտություն լինի»,- ասում է LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը։

Մինչդեռ խորհրդարանական հանձնաժողովներում օրինագծերի քննարկումները բուռն ընթացքի մեջ են՝ հասնելով նունյիսկ ուղիղ բախումների։ Իսկ խորհրդարանի դիմաց, ընդդիմությանը բնորոշ բողոքի ակցիաների փոխարեն անցնում են քաղաքացիական սեկտորի, ԶԼՄ-ների, ինչպես նաեւ բազմաթիվ ուսանողների բողոքի ակցիաները: