Ախալքալաքում իսկական խառնաշփոթ է տիրում։ Աշակերտները պատրաստվում են դպրոց գնալ, իսկ ծնողներն առևտուր են անում և նախապատրաստվում առաջին զանգին։ Եթե մի քանի օր առաջ շուկայում հատուկենտ մարդիկ էին առևտուր անում, ապա այսօր իրավիճակն այլ է:

Խուլգումո գյուղից Աստիկ Զանդարյանը մի քանի բան գնել է իր երեխայի համար, սակայն վստահ չէ, որ երեխաները դպրոց կգնան։

«Գրենական պիտույքներ գնել ենք, մոտավոր 50 լարիի, իսկ հագուստ՝ ոչ։ Հնարավոր է չսկսվի դասերը, այդ պատճառով էլ սպասում ենք, եթե նորմալ դաս լինի, այդ ժամանակ էլ կգնենք»,- ասում է Աստղիկը։

Մեկ այլ ծնող էլ սպասել է երեխաներին պետության կողմից տրված 200 լարի օգնությանը։

«Ասացին, որ սեպտեմբերի 1-ից կնստի գումարը, սպասեցի, սեպտեմբերի 5-ին ստացանք, մի օր հետո գնացինք արեցինք գնումները, հիմա պատրաստ ենք»,- ասում է նա։

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Աննան ամեն տարի սեպտեմբերի սկզբին կարտոֆիլ է վաճառում Թբիլիսիում, որտեղից էլ անհրաժեշտ ամեն ինչ գնում է։

«Ես ամեն տարի կարտոֆիլ եմ տանում վաճառում, այդ գումարով երեխաների դպրոց գնալու համար ամեն ինչ գնում ու համեմատաբար էժան գալիս եմ։ 100 լարի ծախսել եմ գրենական պիտույքների և մոտ 200 լարի հագուստի վրա։ Իհարկե շատ մեծ օգնություն է պետության կողմից տրված գումարը, սակայն ես ամեն տարի էլ այսպես եմ անում»,- պատմում է Աննան։

Իսկ Հայկանուշ տատին շտապում է, թե երբ են սկսվելու դպրոցական դասերը, որ իր չարաճճի թոռնիկները դպրոց հաճախեն։

«Լավ էր, պետությունը գումար տվեց, հարսս գնաց ամեն ինչ առավ թոռներիս համար, հիմա լիովին պատրսատ են դպրոցին։ Ուզում ենք, որ դպրոց գնան», – նշում է Հայկանուշ տատին։

Եթե մի քանի օր առաջ վաճառականները բողոքում էին, որ առևտուր չկա, այսօր արդեն գոհ են։

«Արդեն մի քանի օր է նորմալ առևտուր է լինում, իհարկե էլի անցած տարվա նման չէ, սակայն լավ է»,- ասում են առևտրականները։

Գայանե Ակոջյան