Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 և Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի հանրային դպրոցներում ընթանում են էներգաարդյունավետության բաղադրիչն ուժեղացնելու ուղղությամբ վերանորոգական աշխատանքներ։
Երկու դպրոցն էլ վերանորոգվում է Մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի միջոցներով:
Վրաստանը ֆինանսավորում է ստացել հյուսիսատլանտյան երկրների բնապահպանության ֆինանսական կորպորացիայի կողմից (NEFCO), Վրաստանում պետական շենքերի էներգաարդյունավետության բարելավման և վերականգնվող ու այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագրի իրականացման համար։
Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ և Ախալքալաքի Ճավճավաձեի անվան դպրոցներում վերոնշյալ աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Մեդմշենի» ՍՊԸ-ն՝ 905 715 լարիով։
Ախալքալաքի թիվ 3 դպրոցում վերանորոգական աշխատանքները կատարվում են ջեռուցման համակարգի կարգավորման և շենքի դրսի ապակեպատ հատվածներում ապակիների ապամոնտաժման ուղղությամբ, որպեսզի շենքը ավելի տաք լինի։
Ինչպես տեղեկացանք էլեկտրոնային մրցույթը հաղթած ընկերությունից աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
«Մեր ընկերութությունն իրականացնում է ջեռուցման համակարգի արդիականացում, ինչպես նաև կտեղադրվի ջերմակարգավորիչ, այսինքն` ներսում կլինի անկախ ջերմակարգավորիչ համակարգ, սա կոչվում է էներգոարդյունավետության ուժեղացում։ Իսկ շենքի դրսի ապակեպատ վինտաժներին ապակի կավելացվի, որպեսզի ավելի տաք լինի շենքը»,- ասաս ՍՊԸ «Մեդմշենի» ներկայացուցիչը։
Տեղում աշխատակիցները նշում են, որ աշխատանքները սկսել են հունիսին և կավարտեն մինչև սեպտեմբերի վերջ։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցը կառուցվել է 2012 թվականին «Խուրո» շինարարական ընկերության կողմից:
Վրացական դպրոցի շենքը բազմաֆունկցիոնալ է: Շենքի մի մասում գործում է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցը: Իսկ դպրոցի մարզադահլիճում իր պարապմունքներն է անցկացնում «Մուրջի» պարային համույթը:
Դպրոցում արդեն փչացել են դռները, ծռվել են խողովակները, տանիքը կաթում է և սևացել է ճակատամասը: Պատճառները կարող են տարբեր լինել, կամ ցածր որակի նյութերի, կամ էլ եղանակային խիստ պայմանների հետևանքն է։ Մինչ այժմ, ութ տարի առաջ նոր կառուցված դպրոցում վերանորոգում չի կատարվել:
Այսօրվա տվյալներով դպրոցում սովորում է 184 աշակերտ։
Գայանե Ակոջյան