Ախալքալաք քաղաքի կենտրոնում՝ Ազատության և Դարբինյան փողոցների խաչմերուկում, անմիջապես լուսացույցի տակ գտնվող ճանապարհափոսերը կվերանորոգվեն Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի հետ միասին (Կորխիս Ծղալի կամրջից մինչև Ախալքալաք): Իսկ, երբ դա տեղի կունենա, դեռ անհայտ է:

Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 62-69 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Այնտեղ առաջացած խորը փոսերը երթևեկության համար վտանգ են ստեղծում: Փոսերը սկսվում են հենց քաղաքից: Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով մեքենան վարելուց հետո այն պետք է վերանորոգման տանեն:

1

«Ջավախ ավտո գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի խոսքով, այս փոսի ասֆալտապատումը կախված է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից:

«Այս հարցը որոշում է Վարչությունը, նրանք պատրաստվում են վերականգնել այս ճանապարհը՝ Կորխիս Ծղալի կամրջից մինչ Ախալքալաք», – ասում է նա:

Ինչպես JNEWS-ին հայտնեցին Ճանապարհային վարչությունից, շուտով կսկսվի Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի տվյալ հատվածի վերականգնումը, և այս ծրագրի շրջանակներում կվերականգնվեն նաև վերը նշված փոսերը: Ճանապարհի վերականգնման համար տենդերի վերջնաժամկետը 2 տարի է, ուստի հայտնի չէ, թե կոնկրետ այս ժամանակահատվածում երբ կվերանորոգվեն փոսերը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր էր հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով։ Տենդերը շահել է «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով:

Բրատիսլավ Իգիթխանյան