Հուլիսի 25-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը:
ՋԱՀ-ի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարական, քաղաքական գործիչներ, մտավորականներ և այլոք: Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի հոգևոր առաջնորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի ձեռամբ կատարվեց նորաբաց գրասենյակի տնօրհնեքի կարգ: Հոգևոր առաջնորդն իր խոսքում կարևորեց գրասենյակի հայրենանվեր գործնեությունը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի խոսքով՝ գրասենյակի բացումը գործնական քայլ է և ակնկալում են առաջիկայում շոշափելի արդյունքների:
«Շուտով ՋԱՀ-ն առաջարկների փաթեթ կներկայացնի Վրաստանի վարչապետին, որտեղ մենք պատրաստակամություն ենք հայտնում Ջավախքում ներդրումային տարբեր տնտեսական ու մշակութային ծրագրեր իրականացնել»,- ասաց Աշոտ Հակոբյանը:
ՋԱՀ-ի առաքելությունն է նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայության հասարակական և մշակութային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը:
Նորաբաց գրասենյակում առաջին անգամ կատարվեց հիմնադրամի «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագրի հերթական փուլը: ֆինանսական աջակցություն ստացան շուրջ 30 բազմազավակ ընտանիք:
Նշենք, որ ՋԱՀ-ը Վրաստանում գրանցվել է 2015 թվականի մարտի 26-ին: