Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում շարունակվում է ճանապարհի վերականգնումը, արդեն սկսվել է մայթերի բարեկարգումը: Այս փուլում հիմքի պատրաստման աշխատանքներ են տարվում:

«Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցները, որոնք իրականացնում են ճանապարհի վերականգնումը, մայթերի բարեկարգումը սկսել են մի քանի օր առաջ: Դրանք կլինեն մոտ 2,5 մետր լայնությամբ և գրեթե 2 կմ երկարությամբ: Հիմքի պատրաստման աշխատանքներից հետո կսկսվի տվյալ ճանապարհի ասֆալտապատումը:

Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցների, հիմնական աշխատանքն արդեն արվել է, մնացել է միայն ասֆալտապատումը:

1

Հիշեցնեք, որ Ախալքալաքում, Աղմաշենեբելի փողոցի վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2019 թվականի հուլիսին:

Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էին չորս ընկերություններ՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»: Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով: Ճանապարհի վերականգնման պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և այն ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ներառյալ:

Այնուամենայնիվ, վերակառուցումն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է:

Բրատիսլավ Իգիթխանյան