Երեկ Ախալքալաքում ինքնաբերաբար սկսվել է Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանի նախընտրական քարոզարշավը:
Վերջնականապես պարզ դարձավ, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվում կլինի նաև Ախալքալաք-Նինոծմինդա շրջանի իշխող կուսակցության գործող մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Սակայն այս անգամ նա ընտրությունների կգնա ինքնուրույն, առանց «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցության: Այս տարի «Վրացական երազանքը» Հենզել Մկոյանի փոխարեն առաջադրել է որպես մեծամասնական թեկնածու նույն կուսակցությունից գործող պատգամավոր Սամվել Մանուկյանին:
«Ես գրանցվել եմ Թբիլիսիում, արդեն կա հավաստագիրը, որ ես Նինոծմինդա-Ախալքալաք շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի պաշտոնական անկախ թեկնածու եմ: Ինչպես ասացին ԿԸՀ-ից, այդպիսի անկախ թեկնածուներ այլևս չկան: Բոլորը ներկայացնում են կուսակցություններ», – մեկնաբանեց Հենզել Մկոյանը JNEWS-ի հետ զրույցում:
Պատգամավորի խոսքով՝ երեկվա հանդիպումը կողմնակիցների ու ընտրողների հետ տեղի է ունեցել ինքնաբերաբար: Եվ կարելի է ասել, որ երեկ, առաջին հանդիպման հետ մեկտեղ, փաստորեն սկսվել է նրա նախընտրական քարոզարշարշավը:
«Երեկ մեր երիտասարդներն ինձ անակնկալ մատուցեցին: Ես չգիտեի, նստած էի տանը: Առավոտյան ժամը 9-ին զանգահարեցին ու ասացին, որ տարբեր գյուղերի երիտասարդներ եկել են 40-50 մեքենաներով: Երբ ես գնացի այնտեղ, բոլոր գյուղերից շուրջ 200 մարդ ինձ էին սպասում: Ես չգիտեմ, թե ով էր դա կազմակերպել, բայց մարդիկ եկել էին ասելու, որ «քանի որ Դուք գրանցվել եք և առաջադրել եք Ձեր թեկնածությունը, մենք ձեր կողքին ենք»: Նրանք հավաքվել էին Խոսպիոյի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, իսկ հետո մենք գնացինք հիդրոէլեկտրակայանի մոտ գտնվող ազատ տարածք, և հանդիպումը տեղի ունեցավ այնտեղ: Ելույթ ունեցան տարբեր գյուղերից՝ Դիլիֆից, Կումուրդոյից, Օրոջալարից: Նրանք ասացին, որ իրենք՝ երիտասարդները, կանգնած են ինձ համար, և որ նրանք չեն մոռացել կատարած աշխատանքը՝ 21 տարիների ընթացքում: Լավ երկկողմ հանդիպում էր», – ասաց Հենզել Մկոյանը:
Անկախ թեկնածուի խոսքով՝ գյուղերում հանդիպումները կսկսվեն մի քանի օրից:
«Երկու օր հետո, շտաբերի վերանորոգումն ավարտելուց հետո կբացենք: Մենք ունենք մի քանի տարբերակ՝ երկու տեղ Ախալքալաքում և երկու տեղ՝ Նինոծմինդայում, ավելի ստույգ կտեղեկացնենք ավելի ուշ: Ըստ ծրագրի՝ ուզում ենք ոչ թե մեկ, այլ երկու անգամ գյուղեր գնալ», – եզրափակեց նա: