Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն Ջավախքի նախընտրական իրավիճակը դժվար է ակտիվ անվանել։ Օրինակ, փողոցներում քիչ կարելի է տեսնել քարոզչական պաստառներ և բաներներ, իսկ տեսնելու դեպքում էլ՝ միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը պատկանող պաստառներ: Jnews-ը փորձել է քաղաքագետից ճշտել ընդդիմադիր կուսակցությունների պասիվության պատճառը։
Թերևս Ջավախքում առանձնապես ոչ ակտիվ նախընտրական իրավիճակը պայմանավորված է մեծամասնական ընտրակարգի վերացմամբ, որի արդյունքում ընտրողները ստիպված կլինեն ընտրել ոչ թե իրենց շրջանի թեկնածուին, այլ կուսակցությանը։ Իսկ կուսակցական ցուցակներում կուսակցություններից ոչ մեկը լավագույն 20-յակում Ջավախքից թեկնածուներ չունի։ Կամ, ինչպես նախկինում, ընդդիմությունը կարծում է, որ ավելի քիչ հնարավորություն ունի ընտրություններում հաղթելու սենսիտիվ շրջաններում, որտեղ հիմնականում ավելի մեծ աջակցություն կա իշխող կուսակցությանը, այդ թվում՝ վարչական ռեսուրսի աշխատանքի «շնորհիվ»։
Վրաստանի այն շրջաններում, որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները, ընդդիմությունը հաճախ հանդիպում է տարբեր դժվարությունների, որոնք հիմնականում կապված են ֆինանսավորման և կադրերի հետ: Սա մարտահրավերներ է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար՝ նման շրջանների բնակչության հետ ձգտելու ստեղծել լայն առաջնագիծ և արդյունավետորեն գործակցել նրանց հետ: Տեղի բնակիչները կարող են չիմանալ վրացերեն, ինչը նույնպես դժվարացնում է քաղաքական իրադարձությունների և ընդդիմադիր նախաձեռնությունների մասին տեղեկատվության տարածումը և հաղորդակցումը: Աղքատության և գործազրկության բարձր մակարդակ ունեցող շրջաններում բնակիչները հաճախ ավելի կենտրոնացած են հրատապ խնդիրների լուծման վրա, ինչը նվազեցնում է հետաքրքրությունը քաղաքական գործընթացների նկատմամբ և ոչ միայն նվազեցնում, այլև այդ հետաքրքրությունը դարձնում է տաբու թեմա:
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ընդդիմադիր կուսակցությունները ռեսուրսների առումով ավելի թույլ են, նրանք փող չունեն։ Շրջաններում գործունեությունը փող է պահանջում, գրասենյակներ բացել, աշխատավարձ տալ, իսկ այդ ամենը թանկ է։ Ընդդիմությունը դա անելու ռեսուրս պարզապես չունի։ Սա է հիմնական պատճառը։ Բացի այդ, ընդդիմությունը, ցավոք, չափազանց զբաղված է ներքին քաշքշուկներով, նրանց ուշադրությունը չափազանց կլանված է դրանով։ Նրանք բավական ժամանակ չունեն նախընտրական քարոզարշավին ավելի շատ զբաղվելու համար, այդ թվում՝ մարզերում։ Մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել, հավանաբար նրանք այս ամսվա մեջ կակտիվանան։ Ինչ վերաբերում է Ջավախքին, հավանաբար, նրանք կարծում են, որ Ջավախքում աջակցություն ստանալու ավելի քիչ հնարավորություն ունեն, ուստի իրենց սահմանափակ ռեսուրսներն ուղղում են այլ շրջաններին, գուցե դա այդպես է, սա ենթադրություն է։ Մառնեուլիում մի քիչ ավելի ակտիվ են, որքան ես գիտեմ։ Այնտեղ նրանք ավելի շատ ներկայացուցիչներ ունեն։ Մառնեուլին ավելի մոտ է, գուցե դրա պատճառով»,- ասում է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիայի համալսարանի պրոֆեսոր և Խաղաղության, ժողովրդավարության ու զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան: