«Վաղը ես ուղերձով կդիմեմ իմ վերադարձի ծրագրի մասին», – այսօր նման գրառում է հայտնվել Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այս մասին գրում է Новости- Грузия -ն:
Տեսանյութում, որը տեսաագրվել է Ուկրաինայում, որտեղ այժմ գտնվում է Սաակաշվիլին, Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ասում է, որ նա «վստահ է ժողովրդի կամքի հաղթանակի մեջ» առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Նա նաև հասարակությունից ներողություն է խնդրել անցյալի սխալների համար:
Միեւնույն ժամանակ, նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չի բացառում առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում Միխեիլ Սահակաշվիլիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելը:
Ներկայումս Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, մայիսից նա ղեկավարում է Նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարության բարեփոխումների գործադիր կոմիտեն:
Սաակաշվիլին 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը Վրաստանի նախագահն էր: Նա երկիրը լքեց իր նախագահական երկրորդ ժամկետն ավարտվելուց անմիջապես հետո: Արդեն «Վրացական երազանքի» կառավարման տարիներին Սաակաշվիլին մեղադրվում էր լիազորությունները չարաշահելու և քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ: Նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսի առթիվ կան դատավճիռներ:
Վրաստանի երրորդ նախագահը բազմիցս հայտարարել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին: Ամեն անգամ «Վրացական երազանքի» առաջնորդները և կառավարության անդամները շատ խիստ էին արձագանքում նման հայտարարություններին: 2015 թ-ին Վրաստանի քաղաքացիությունից զրկված նախկին նախագահին սպառնում է կալանավորում:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
Ըստ պաշտոնական ընթացակարգի, ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը ներկայացնում է վարչապետի թեկնածուին: Եթե այս թեկնածությունը ձախողվի, նախագահն իրավունք ունի լուծարել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ: Նոր ընտրություններ տեղի չեն ունենա միայն այն դեպքում, եթե խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում կարողանա հաստատել վարչապետին, որը ներկայացվել է խորհրդարանի անդամների 1/3-ի կողմից:
Նյութը՝ Новости- Грузия -ից