Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք»-ից գործող պատգամավոր Հենզել Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ երիտասարդներին կոչ է անում առանց անհրաժեշտության քայլեր չձեռնարկել, այդպիսով չխանգարել Հայաստանի պաշտպանության բանակին՝ կատարելու իր սրբազան առաքելությունը:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները, միջազգային կազմակերպությունները։
Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական, նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հատվածի պաշտպանությանը։ Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։
Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է, բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա, այնպես որ սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը»,- գրել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ռազմական գործողություններից անմիջապես հետո ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։