Երկար տարիներ է Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղում խմելու ջրի խնդիր կա: Այսօրվա դրությամբ մարդիկ օգտվում են ջրհորներից, ջուր են կրում աղբյուրներից: Հույս կա, որ հաջորդ տարի Խորենիայի բնակիչները կկարողանան օգտվել ջրամատակարարման համակարգից:
Խորենիա գյուղի բնակիչները ջրի բացակայության պատճառով ջրհորի ջուր են խմում: Այն բնակիչները, ովքեր հնարավորություն չունեն իրենց բակում ջրհոր հորատել, ամեն օր ջուրը կրում են գյուղի միակ աղբյուրից:
Բնակիչների խոսքով, այժմ գրեթե բոլոր բնակիչները բակերում ջրհոր ունեն, բայց հույսները չեն կորցնում, որ իրենց խնդիրը մի օր լուծում կստանա:
Խորենիա գյուղի լիազոր Արկադի Ֆիդանյանի խոսքով, այս պահին աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգի կառուցման ուղղությամբ, և հաջորդ տարվանից գյուղում յուրաքանչյուր ընտանիք խմելու ջուր կունենա:
«Աշխատանքները սկսվել են 10 օր առաջ, այժմ կենտրոնական գծում անց են կացվել գրեթե 3 կմ խողովակաշար», – ասում է Արկադի Ֆիդանյանը:
Ըստ նրա, այս տարի եղանակային պայմանների պատճառով ջրամատակարարման համակարգի կառուցման ուղղությամբ աշխատանքները չեն կարողանա շարունակվել:
«Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի և կավարտվեն մինչև 2020 թվականի հուլիսը», – ասում է նա:
Ըստ Արկադի Ֆիդանյանի, աղբյուրից մինչև գյուղ կենտրոնական գծի ընդհանուր երկարությունը կկազմի 12 կմ։
Խորենիա գյուղի ջրամատակարարման համակարգի անցկացման աշխատանքների համար 2019 թ.-ին տեղական բյուջեից հատկացվել է 500 000.00 լարի, իսկ մնացած գումարը` 462 928.00 լարին, արդեն իսկ նախատեսված է 2020 թվականի բյուջեում:
Ծրագրի ընդհանուր գումարը 962 928.00 լարի է: Սակայն, «Ունիվերսալ Ջորջիա 2008» ընկերությունը տենդերը շահել է 899 970.00 լարիի չափով:
Տարիներ շարունակ նրանք հորի ջուր են խմում
Մայրուղու կողքին, բայց «աշխարհից կտրված»
«Միակ աղբյուր» ֆիլմի ցուցադրություն Խորենիայում
Բրատիսլավ Իգիթխանյան