Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 15 դեպքից հայտնի չէ երկու հիվանդների վարակման աղբյուրը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով՝ չորս դեպքերը կապված են Մեստիայի մունիցիպալիտետի Լենջերի գյուղի հետ, որտեղ շարունակվում է բնակչության համատարած թեստավորումը և գործում են կարանտինային սահմանափակումներ: Եվս վեց նոր պացիենտներ նախկինում հաստատված դեպքերի շփումներ են: Ներմուծված են երեք բուժառուներ:
«Երկու դեպքերում էլ համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են՝ աղբյուրը հաստատելու և շփումները գտնելու ուղղությամբ», – ասել է Էզուգբաիան:
Նա նշել է, որ երկրի կովիդ-կենտրոններում այժմ բուժում է անցնում 240 մարդ: Նրանցից վեցը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 23 հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 32 մարդ: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երկուսը՝ ծանր: