ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է կառավարության ծրագիրը` Վրաստանի քաղաքներում և գյուղերում դպրոցները փուլ առ փուլ վերաբացելու մասին: Երկրում կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների վերացման հետ մեկտեղ առաջնահերթ խնդիր պետք է լինի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների անվտանգ վերաբացումը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ դպրոցների փակումն աշխարհով մեկ բացասաբար է ազդել երեխաների վրա: Երեխաների մոտ հետաճել են գրելու, կարդալու, մաթեմատիկական հիմնական ունակությունները և այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում:

«Նրանց առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը վտանգված են: Առավել խոցելի երեխաները՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, կարիքավոր ընտանիքների երեխաները, անտեսման ենթարկման առանձնահատուկ ռիսկի տակ են գտնվում: Երեխաների առողջությունը, ովքեր մնացել են առանց հասակակիցների հետ ամենօրյա շփման, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունների՝ վատթարանում է, երեխաների մոտ հոգեկան խանգարումների նշաններն ավելի հաճախակի են դարձել: Առանց դպրոցի ինստիտուցիոնալ անվտանգության մեխանիզմների, որոնք հաճախ տրամադրվում են դպրոցի կողմից, նրանք էլ ավելի խոցելի են բռնության, երեխաների շրջանում ամուսնությունների և երեխաների աշխատանքային շահագործման սպառնալիքի նկատմամբ: Ահա թե ինչու մնացած բոլոր այլընտրանքները դիտարկելուց հետո դպրոցների փակումը պետք է լինի վերջին միջոցը: Եթե երեխաները ստիպված լինեն եւս մեկ տարի առանց դպրոց ապրել, դա կանդրադառնա մի ամբողջ սերնդի վրա», – ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է նաև, որ վիրուսի տեղական մակարդակով փոխանցման ռիսկը պետք է որոշիչ հիմնական գործոնը լինի դպրոցները բացելու և փակելու որոշումների համար: Պետք է լինեն տարբեր ռազմավարություններ, որոնք հարմարեցված կլինեն տարբեր պայմանների, և դպրոցները, որոնք համապատասխանում են COVID-19-ի անվտանգության կանոններին և համապատասխան կանոնակարգերին, պետք է բաց լինեն:

«Այնտեղ, որտեղ վիրուսի մեծ փոխանցում է դիտարկվում բնակչության շրջանում, որտեղ առողջապահական համակարգերը ծայրահեղ ճնշման տակ են, և դպրոցների փակումն անխուսափելի է, անհրաժեշտ է ձեռնարկել պատասխան պաշտպանական միջոցառումներ: Սա նշանակում է ապահովել այն, որ բռնության վտանգի տակ գտնվող երեխաները, դպրոցական սննդի հույսով ապրող երեխաները, ինչպես նաև երեխաները, որոնց ծնողներն աշխատում են առաջնագծում, կարողանան ուսումը շարունակել դասարանային պայմաններում:

COVID-19-ի պատճառով Վրաստանի մի քանի խոշոր քաղաքների դպրոցներ դեռ երեխաների համար փակ են, ինչը նրանց ամբողջովին կախված է դարձնում հեռավար ուսուցումից: Այժմ, երբ թվային ուսուցումը դարձել է կրթություն ստանալու հիմնական միջոցը, համացանցի անհավասար հասանելիությունն էլ ավելի է խորացնում առկա անհավասարությունը: Վրաստանում դպրոցների փակման պատճառով ավելի քան 50 000 երեխա առանց կրթության է մնացել: Շատ կարևոր է լրացուցիչ դասաժամեր անցկացնել այն երեխաների համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հեռավար ուսուցմանը, որպեսզի նրանք հետ չմնան ուսումնական ծրագրից», – ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կոչ է անում ուսուցիչներին առաջնային համարել կորոնավարակի դեմ պատվաստումը՝ բժշկական անձնակազմի և բարձր ռիսկային խմբերին պատկանող բնակչությանը պատվաստելուց հետո: Սա կօգնի ուսուցիչներին պաշտպանել վիրուսից, թույլ կտա նրանց անձամբ վարել դասերը և դպրոցները բաց պահել: