Վրաստանում ծնելիության մակարդակը հասել է պատմական նվազագույնի վերջին 30 տարվա ընթացքում։ 7 տարվա ընթացքում ծնունդների թիվը նվազել է 20 հազարով, իսկ առաջիկա 7 տարում այն կնվազի ևս 20 հազարով՝ այսպիսի կանխատեսում են արել ժողովրդագիրները։ Այս մասին գրում է bpn.ge-ն։
Սաքստատի տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում կենդանի ծնվածների թիվը կազմել է 40 214, սա ամենացածր ցուցանիշն է 1994 թվականից ի վեր։
Ըստ տվյալների՝ 2023 թվականին ծնվել է 21 010 տղա և 19 204 աղջիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 5%-ով։
Ժողովրդագիր Անզոր Թոթաձեն այս տվյալներն անվանում է անդառնալի և նշում, որ խնդիրն արդեն անշրջելի է դարձել, և այն լուծելը շատ դժվար կլինի։
«7 տարվա ընթացքում ծնունդների թիվը նվազել է 20 հազարով, իսկ առաջիկա 7 տարում կնվազի ևս 20 հազարով, և միջին ցուցանիշներով կծնվի 10 հազար տղա և 10 հազար աղջիկ։ Սա ժողովրդագրության սկզբունքն է։ Ընդամենը 10 հազար տղան քիչ է վրացական բանակին, և մենք չենք կարողանա դուրս գալ այս վիճակից»,- ասել է Անզոր Թոթաձեն։
Վերջինիս խոսքով՝ այս խնդրին ավելանում է այն, որ ընտանիքներն այլևս 3 կամ 4 երեխա չեն ունենում:
«Եթե այսպես շարունակվի, վաղը Վրաստան չի լինի»,- BusinessPressNews-ին տված հարցազրույցում նշել է ժողովրդագիրը։