Ամբողջ Վրաստանում և, մասնավորապես, Ախալքալաք քաղաքում ու որոշ գյուղերում, հայտնվել են մարդիկ, ովքեր բնակիչներին առաջարկում են մինչև 17 տարեկան երեխաների համար նախատեսված 200 լարիանոց օգնությունը ստանալու պորտալում գրանցման վճարովի ծառայություններ: Նրանք գրանցման դիմաց վերցնում են 5-ից մինչև 10 լարի:

Ըստ Վրաստանի Առողջապահության նախարարության, որոշ ֆիզիկական անձինք և որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են իրենց շահերի համար օգտագործել 17 տարեկանից ցածր երեխաների և դեռահասների համար 200 լարիի չափով օգնության ծրագիրը:

«Մենք ստացել ենք շատ վատ տեղեկություն այն մասին, որ որոշ անհատներ քաղաքացիներին առաջարկում են վճարովի ծառայություններ՝ ծրագրին առցանց գրանցելու համար: Ես ուզում եմ նրանցից յուրաքանչյուրին զգուշացնել, որ սա հանցագործություն է, և համապատասխան արձագանք կլինի բոլոր այն փաստերի նկատմամբ, որոնք հասել են մեզ: Սա անվճար ծառայություն է, որը երեխաներ ունեցող ընտանիքները պիտի ստանան կառավարությունից», – ասել է Օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով փոխնախարար Թամար Բարկալաիան:

Հիշեցնում ենք, որ եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել էլեկտրոնային պորտալում, եթե նա չունի ինտերնետ կամ համակարգիչ, նա կարող է դիմել սոցիալական ծառայության գործակալությանը կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, Արդարադատության տներին և Արդարադատության նախարարության հասարակական կենտրոնների կամ «Liberty Bank»-ի ցանկացած տարածքային մասնաճյուղերի, որտեղ գրանցման օգնությունը կցուցաբերվի ամբողջովին անվճար: