Գյուղական ճանապարհներն ու Ախալքալաքի կենտրոնական փողոցները 2022 թվականին ձյունից կմաքրի «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։ Մաքրման գումարը կազմում է 65 000 լարի, որը խնայվել է անցյալ տարվանից:
ՍՊԸ «ՋավախԱվտոԳզա»-ն 2021 թվականին շահել էր գյուղական ճանապարհների և Ախալքալաքի կենտրոնական փողոցների ձնամաքրման տենդերը, այս տարի ընկերությունը պարտավորվել է ճանապարհները մաքրել առանց մրցույթի։ Նախորդ տարի տեղական բյուջեով ձնամաքրման համար հատկացվել էր 100 000 լարի, որից ընկերությունը ծախսել է 35 000 լարի, մնացած գումարը, ըստ քաղաքապետարանի, որպես փոխադրվող գումար տեղափոխվել է 2022 թվականի բյուջե։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, անցյալ տենդերից քաղաքապետարանը տնտեսել է 65 հազար լարի։
«Մենք օրենքի շրջանակներում, կառավարության հետ համաձայնեցնելով, անցյալ տարի տենդերը շահած «ՋավախԱվտոԳզա» ընկերության հետ պայմանավորվել ենք, որ այս տարի մինչև տարեվերջ նրանք շարունակեն մաքրել: Խնայված գումարը մեզ այս տարի կբավականացնի»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Նշենք, որ անցած տարվա տարեվերջին, քաղաքապետարանը գյուղական ճանապարհների ու քաղաքի փողոցները ձյունից մաքրելու համար, երկու անգամ տենդեր էր հայտարարել, 2021 թվականի նոյեմբերի 30-ին և 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։ Երկու դեպքում էլ մրցույթին ոչ ոք չի մասնակցել։
Տենդերային պայմանագրի համաձայն, շահած ընկերությունը պետք է մաքրեր 24 ուղղություններով գյուղական ճանապարհներ, ընդհանուր հաշվով 174 կմ և Ախալքալաքի 14 փողոցի այն հատվածները, որոնք գտնվում էին քաղաքի կենտրոնական հատվածում։
Հարկ է նշել, որ այս տարի ձմռանն Ախալքալաքում առայժմ քիչ ձյուն է տեղացել։ Ձմռան այս մեկուկես ամսվա ընթացքում գյուղական ճանապարհները ձյունով չի ծածկվել, իսկ քաղաքում ռեագենտ լցնելու աշխատանքները հիմնականում իրականացվում է կենտրոնական փողոցում։