Սկսվել է Ախալքալաքի Ջիվանու զբոսայգու, որը տեղացիների շրջանում առավել հայտնի է որպես «Մնդոյի այգի», վերականգնման գործընթացը։ Այս պահին վերականգնողական աշխատանքները դեռ չեն սկսվել, տենդերը կայացել է, այժմ ընթանում է փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները։ Տենդերային փաստաթղթերի համաձայն, վերականգնման արդյունքում այգին կունենա լուսանկարում ներկայացված տեսքը։

Ախալքալաքի Ջիվանու զբոսայգու վերականգնման համար սկզբում հատկացվում է 639 232 լարի։ Աշխատանքների տենդերը 580 000 լարիով շահել է «K-ընկերությունը», այժմ ընթանում է ընտրության և գնահատման ընթացակարգը։ Ընդհանուր ծախսերի 82.2%-ը պետության ներդրումն է, 17.8%-ը՝ տեղական բյուջեի։

Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: 2022 թվականին կիրականացվեն 525 486 լարիի չափով աշխատանքներ, իսկ 2023 թվականին՝ 113 746 լարիի։ 2022 թվականին աշխատանքները կիրականացվեն պայմանագրի կնքումից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, իսկ 2023 թվականին՝ 120 օրվա ընթացքում։

Նախագծի համաձայն, այգու տարածքը կբարեկարգվի, կենտրոնում կլինի շատրվան, սրճարան, կտեղադրվեն նոր նստարաններ, աղբամաններ, կլինի գեղեցիկ երկհարկ ցայտաղբյուր, գիշերային լուսավորություն։ Այգում կլինի մանկական ատրակցիոն։ Այգու երկայնքով կլինի հեծանվային ճանապարհ։

Այգու ընդհանուր մակերեսը 2904 քառ/մ է։

pulpulak