Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից՝ ամենահինը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առավոտյան կատարվեց պատարագ, այնուհետև խաղողի օրհնման կարգ։
Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը սովորականից ավելի մարդաշատ էր, և յուրաքանչյուրի ձեռքում խաղող կար։ Քաղաքից և գյուղերից եկած մարդիկ անհամբեր սպասում էին խաղաղի օրհնման ծիսկարգին։ Օրհնելով խաղողը, օրհնվում է նաև մնացած մրգերը։
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթն ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Հավարտ Սուրբ և անմահ պատարագի, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հայր՝ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը եկեղեցու բակում օրհնեց խաղողը և այն բաժանեց հավաքվածներին։
Արդեն տարիներ շարունակ Ախալքալաքում առանձնակի շուքով ու խնդությամբ է նշվում Աստվածամոր վերափոխման տոնը:
«Իհարկե, խաղողօրհնեքը միշտ եղել է, բայց նախկինում այսքան ժողովուրդ չկար։ Այդ ժամանակ ժողովուրդն այսքան եկեղեցի չէր գնում: Ինչպես մյուս եկեղեցական տոները, այնպես էլ խաղողօրհնեքը կամաց-կամաց մեր ավանդական տոն օրերից մեկը դարձավ։ Այնուհետև, երբ տեսան, որ խորանին է դրվում խաղողը, օրհնվում և բաժանվում ժողովրդին, մարդիկ արդեն իրենք սկսեցին խաղող բերել եկեղեցի, որպեսզի օրհնելուց հետո տուն տանեն»,- ասում է Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ այցելուներից մեկը։
Հնում մինչ խաղողօրհնեքը մարդիկ խաղող չեն կերել։ Ընդունված է համարել, որ մինչև խաղողը չօրհնվի, այն չի քաղցրանա:
«Առաջներում, երբ խաղողը շուկա էր գալիս մարդիկ համտեսում էին, նրանք գաղափար չունեին խաղողօրհնեքի մասին, սակայն հիմա մինչև խաղողը չօրհնվի, խաղող չենք ուտում»,- ավելացրեց մի տիկին։
Ամեն տարի Ախալքալաքում Խաղողօրհեքին հաջորդում է մատաղի արարողություն: Բանն այն է, որ երբ սովետական կարգերի տապալումից հետո Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվել է Խաղողօրհնեքը, այդ ժամանակ քաղաքի բնակիչներից մեկը մի մեծ եզ է մատաղ արել և բաժանել ժողովրդին, որից հետո այն ծիսակարգ է դարձել և ամեն տարի մատաղ են անում:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, պատարագի և խաղողօրհներգի ավարտին, եկեղեցու խաչքավորը մատաղ հյուրասիրեց հավատավոր ժողովրդին:
Գայանե Ակոջյան