«Կռունկ» սիրողական երգչախումը հոկտեմբերի 22-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում ելույթ ունեցավ, կատարելով մի քանի հայկական հայրենասիրական և աշուղական երգեր:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում «Կռունկ» երգչախումբը հյուրերի համար հանդես եկավ մի քանի կատարումներով, որից հետո բոլորը հանպատրաստից միասին սկսեցին կատարել «Ազգ իմ փառապանծ» երգը:
Հոլանդիայից ժամանած «Կռունկ»-ը արհեստավարժ երգչախումբ չէ, կազմված է հիմնականում երգարվեստին նվիրված ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից , սակայն դա չի խանգարում վերջիններիս կատարել երգերը արհեստավարժորեն:
Երգչախումբը երգում է մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլն: «Կռունկ»-ի անդամները Հոլանդիայում գործող «Սիրենա» սիրողական խմբի այն անդամներն են, ովքեր շրջում, հայերեն երգերով բարեգործական ելույթներ ունենում Հայաստանում և հայկական գաղթօջախներում: «Կռունկ»-ի 23 անդամները չգիտեն հայերեն ոչ գրել, և ոչ էլ կարդալ, սակայն նրանք հրաշալի զգում են հայ երգը: «Կռունկ» սիրողականը կատարում է Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ – Նովայի և այլոց հեղինակած երգերը:
«10 տարի առաջ, շատ պատահական ինտերնետում գտա Խաչատուր Ավետիսյանի երգերը, ինձ շատ դուր եկավ: Եվ այստեղից էլ ամեն ինչ սկսվեց ». իր խոսքում նշեց «Կռունկ» սիրողական երգչախմբի դիրիժոր Ինգրիդ Ֆան Ռոյը:
«Կարոտ» պարային խմբի ղեկավար Լուսինե Բունիաթովան պատահական ծանոթանում է երգչախմբի անդամների հետ, լսում նրանց երգածը և ամբողջ կատարման մեջ հասկանում է ընդամենը երկու բառ «տղաս, ծուխս»: Լուսինեին շատ է հուզում, որ օտար մարդիկ նույնիսկ չհասկանալով երգի իմաստը առանձնակի սիրով կատարում են հայերեն երգ: Այդ ժամանակվանից էլ սկսում են համագործակցել, Լուսինեն ապահովում է ճիշտ հայերեն արտասանությունը, իսկ Ինգրիդ Ֆան Ռոյը երգեցողությունը:
«Կռունկ»-ը ոչ միայն ծափահարություններ ու հիացմունք «կորզեց» ջավախքյան հանդիսատեսից, այլև զարմանք ու երջանկության արցունքներ: