Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր, սեպտեմբերի 13-ին տոնում է Խաչվերացի տոնը: Խաչվերացը հայ եկեղեցու տաղավար հինգերրորդ և վերջին տոնն է։
Խաչվերաց տոնը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:
Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Հավարտ Սբ և Անմահ պատարագի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Տաթև քահանա Մարուքյանը քարոզի խոսք ուղղեց նվիրված Սբ Խաչի տոնին և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցում հավաքվածներին: Սբ և Անմահ պատարագի ավարտին եկեղեցական սովորույթի համաձայն հոգևոր դասի առաջնորդությամբ հավատավոր ժողովուրդը մասնակցեց եկեղեցու բակում տեղի ունեցող խաչի թափորին:
614թ. Պարսկաստանի Խոսրով Բ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։ Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա։ Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։
628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը։ Որպես պատմական վկայություն՝ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով։ Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի (Խաչկա) եկեղեցին։ Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։
Գիշերը կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին։ Քահանաները զգեստավորված գալիս են ատյան և երգում «Որ զանարատ բազուկս Քո» շարականը։ Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»։ Ապա Խաչով և Ավետարանով թափոր են կազմում։
Տոնի կիրակի երեկոյան կատարվում է Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն և անդաստանի կարգ: Արարողությունը սկսվում է ռեհանով ու ծաղիկներով զարդարված Խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով և պտտեցնելով եկեղեցու շուրջը: Այն արձագանքն է ազատագրված Խաչափայտի վերադարձը Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով դեպի Երուսաղեմ: Զարդարված Խաչով թափորապետը խաչակնքում և օրհնում է աշխարհի արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերը`բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց, և վարդաջուր ցողում հավատացյալների վրա, որից հետո Խաչը ներս է տարվում եկեղեցի և դրվում Սբ. Սեղանի վրա: Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը:
Աղունիկ Այվազյան