Օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում սպանության և խմբակային բռնության փաստի առթիվ ձերբակալվել է 1 անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Հետաքննությունը շարունակվում է։ Հասարակական կարգը պահպանելու համար մոբիլիզացված է ոստիկանությունը: Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
Այսօր, ժամը 10:00-ին, Ախալքալաքում՝ ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն ճեպազրույց է անցկացրել Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության և զանգվածային անկարգությունների թեմայի շուրջ:
«Ախալքալաքում նախօրեին կատարված սպանության արդյունքում ձերբակալվել է մեկ անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Թեժ հետքերով, դեպքից մի քանի ժամ անց ձերբակալվել է մեկ անձ: Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թվականին), վիճաբանության ընթացքում հրազենային մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (ծնված՝ 1993 թվականին): Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է: Սպանությունից հետո վճիաբանությունը վերաճել է խմբակային բռնությունների, որի արդյունքում վնասվել է մասնավոր սեփականություն: Ինտենսիվ հետաքննություն է իրականացվում խմբակային անկարգությունների կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ հայտնաբերելու այն մարդկանց, ովքեր իրագործել են անկարգությունները: Ինչպես տեսնում եք, իրավիճակը կայուն է: Հասարակական կարգը և անվտանգությունը պահպանելու համար մոբիլիզացված են ոստիկանական ուժեր», – հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում հրազենային կրակոցից սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (ծնված՝ 1993 թվականին):
Երիտասարդի սպանությունից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Սպանվածի հարազատները ջարդուփշուր են արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տուն:
Երեկվանից քաղաքում մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատայինները:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի, III և IV հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում: