Այսօր գիշեր Ախալքալաքում, հարսանիքի ժամանակ դանակահարություն է եղել, արդյունքում՝ սրտի և այլ օրգանների բաց վնասվածքներով, Կումուրդո գյուղի 3 բնակիչ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցի 3 վիրաբույժներ իրականացրել են Ախալքալաքի համար անսովոր, միաժամանակ երկու սրտի բաց վիրահատություն: Վիրահատված երիտասարդներին տեղափոխել են Թբիլիսի, նրանց վիճակը կայուն է:

Գիշերը, Ախալքալաքում հարսանիքի ավարտին Կումուրդո գյուղի բնակիչները կռիվ են արել, ինչպես սովորաբար լինում է հարսանիքների ժամանակ: Կռիվն ավարտվել է դանակահարությամբ: Արդյունքում սրտի և որովայնի շրջանում դանակի ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 21, 23 և 26 տարեկան Կումուրդո գյուղի 3 բնակիչներ:

Երիտասարդների կյանքը փրկելու համար քաղաքային հիվանդանոցի բժիշկներն ու ողջ անձնակազմը ստիպված է եղել արագ կողմնորոշվել: Նման արտակարգ դեպքերն այստեղ հազվադեպ են լինում: Ինչպես ասում են Ախալքալաքի հիվանդանոցում, անհրաժեշտ էր արագ վիրահատել տուժածներին, քանի որ ժամանակ չկար նրանց տեղափոխել Թբիլիսի: Քաղաքային հիվանդանոցի երեք վիրաբույժներ՝ Գիա Եփրիկյանը, Ռաֆայել Չարչյանը և Սուրեն Կարապետյանը, համատեղ իրականացրել են միաժամանակ երկու բարդ, սրտի բաց վիրահատություն, այն էլ անհրաժեշտ պայմանների բացակայության պայմաններում:

Ախալքալաքի հիվանդանոցում չկա սրտանոթային վիրաբուժության բաժանմունք, և չկան մասնագիտացված սրտի վիրաբույժներ: Երիտասարդներից մեկի վիրահատության ընթացքում բժիշկները կանխել են սրտի կանգը, իրականացվել է սրտի բաց մերսում՝ վերականգնելով սրտի աշխատանքը: Բացի սրտի վնասվածքներից, տուժածներն ունեցել են նաև ստամոքսի, աղիների և լյարդի վնասվածքներ: Երկու տուժածների մոտ էլ վնասվածքները կարող են հետևանքներ ունենալ կյանքի ողջ ընթացքում: Երրորդ վիրավորվածի լյարդն են վիրահատել:

Վիրահատվածներից երկուսն արդեն գտնվում են Թբիլիսիում, մեկը շարունակում է մնալ Ախալքալաքի հիվանդանոցում, բոլոր երեքի վիճակը բժիշկները գնահատում են կայուն:

Ինչո՞ւ է կռիվ տեղի ունեցել, այնուհետև վերածվել ծեծկռտուքի, ականատեսները դեռ չեն ասում: Ներքին գործերի նախարարությունը քննչական միջոցառումներ է անցկացնում՝ հանցագործությունը որակավորելու ուղղությամբ: Ավելի ուշ կտեղեկացնենք, թե որ հոդվածով է ընթանում հետաքննություն, երբ պատասխան ստանանք Ներքին գործերի նախարարությունից: