Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ վիճակում: Ժամանակ առ ժամանակ փոսերը լցվում են ավազով, բայց դա խնդիրը լուծում է միայն մինչև հաջորդ անձրևը:
Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 50-60 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Այնտեղ առաջացած խորը փոսերը երթևեկության համար վտանգ են ստեղծում: Փոսերը սկսվում են հենց քաղաքից: Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով մեքենան վարելուց հետո այն պետք է վերանորոգման տանեն:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր է հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով, սակայն տենդերը դեռ չի կայացել:
Արդեն առաջին տարին չէ, ինչ խոստանում են վերականգել այս ճանապարհահատվածը: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Իրակլի Քարսելաձեն 2019 թվականի մայիսին այցելել էր Ջավախք՝ խոստանալով, որ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու Ախալքալաքի մուտքի մոտի ճանապարհահատվածը կվերականգնվի: Սակայն 2019-ին այն չվերականգնվեց, իսկ 2020-ի սկզբից Ավտոճանապարհային վարչությունից խոստանում են, որ վերականգնման աշխատանքներ կտարվեն, բայց մինչ օրս այն չի վերանորոգվել:
Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչությունը նախատեսում է այս տարի իրականացնել երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի մուտքի մոտի 6 կիլոմետրանոց հատվածի վերականգնումն է, իսկ երկրորդ նախագիծը` Հայաստան-Թուրքիա տանող երկու մայրուղին կապող 2,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումը:
Բրատիսլավ Իգիթխանյան