Այսօր՝ ապրիլի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում կանգնեցվել և օծվել է խաչ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում կանգնեցվել է հսկայական խաչ: Մանկության 12 ընկերներ որոշել են իրենց հայրենի գյուղի պատվանդանին տեղադրել մետաղյա խաչ: Նրանց մի մասը բնակվում է Ռուսաստանում: 12 ընկերնեն են՝ Մուրադ Չեչելյանը, Վիտալի Սարյանը, Մանվել Օքրոյանը, Արթուր Դումանյանը, Մխիթար Դումանյանը, Արմեն Իգիթխանյանը, Գրիգոր Էլիզբարյանը, Արարատ Էլիզբարյանը, Գառնիկ Էլիզբարյանը, Հակոբ Կուլախսզյանը, Պավլիկ Գինոյանը և Արարատ Եսայանը:
Ախալքալաք քաղաքի ուղղությամբ՝ խաչի պատվանդանին կա մի տեղեկատախտակ, որի վրա գրված է գյուղի հիմնադրման ամսաթիվը՝ 1828-30 թ.թ. և «Հայր մեր» Տերունական աղոթքը:
Խաչի տեղադրումը պլանավորված էր վաղուց, սակայն գյուղացիների ծրագրերին խանգարեց նախ կորոնավիրուսը, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Սկզբում բացմանը ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հարևան գյուղերի բնակիչներ: Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Լեռնային Ղարաբաղի պատերազմի նահատակների: Դրանից հետո գաղափարի հեղինակները կտրեցին կարմիր ժապավենը, իսկ Ախալքալաքի Կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Անդրեյ Յանիցկին օծեց խաչը:
Միջոցառման շրջանակներում գյուղի երեխաները կատարեցին հայկական ազգագրական երգեր, արտասանեցին բանաստեղծություններ, պարեցին ազգային պարեր:
Դրանից հետո բոլորին հրավիրեցին հյուրասիրության՝ սեղանները գցված էին: