Ջրի խնդիրը Դադեշ գյուղում ամենակարևորն է: Խնդիր, որը տարիներ շարունակ լուծում չի ստանում:
Առաջին հայացքից Դադեշ գյուղը ոչնչով չի առանձնանում Ջավախքի մյուս գյուղերից: Գյուղն ապրում է առօրյա իր հոգսերով…
Ջուրը կյանքի սկզբնաաղբյուրն է, առանց որի մարդ չի կարող ապրել, սակայն դադեշցիները տասնամյակներ շարունակ ապրում են «առանց» ջրի: Ծեր թե մանուկ, կին թե տղամարդ, բոլորը մտածում են ջուր կրելու մասին: Այս գյուղում մարդիկ լողանում են անձրևաջրով, անասուններին անձրևաջրով ջրում, լվացք են անում անձրևաջով: Յուրաքանչյուր լուսաբաց այս գյուղում մարդիկ անձրևի ակնկալիքով են դիմավորում:
«Ամեն խնդիրն էլ կա, գազ չունինք, ջուր չունինք, ժամով է վազում ջուրը, կէվը սարքեն տի չեն սարքե: Աղբուրը ժամով կը վազե: Հիմնական աղբուր չկա, կըլի վազեկը, կըլի չի վազե: Խմելու ջուր Վաչիանից ենք կրում, ուր գնում ենք հետներս աման ենք տանում, որ ջուր բերենք»,- ասաց Դադեշ գյուղի բնակիչ Յուղաբեր Զախարյանը: Գյուղաբնակների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն է:
Այսօր փաստացի 750 մարդ է բնակվում գյուղում, հաշվառված է 160 ընտանիք: Ցավոք, ջրի, բնական գազի, աշխատատեղի բացակայության պատճառով մարդիկ արտագաղթում են: Երիտասարդ ընտանիքները առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են հարազատ գյուղը: Դադեշն օր-օրի «մարում» է: Գյուղի ապագան ապահովող երիտասարդությունն այսօր հեռանում է…
«Ի սկզբանե մենք ջրի խնդիր ունեցել ենք: Դեռ 1828-30 թվականներից ջուր չի եղել, սովետի վախտով Դիլիֆու ջուր բերին էլեկտրական հոսանքով, նասոսներով ջուր կը փչեին: Սաղ մեր գյուղի տարածքը մենակ դատարկ խողովակ է թաղած, բայց ջուր չկա: Հայաստան պազի տելեվիզորը կուտա, կսեն փողեր են լվանում, հիմի ժամանակակից լվացքի մաշինաներն որ կան, էդման ավտոմատ ցկեն ու հեռենան կը: Գումարը գուքա, ըսեմ չի քա սխալ կըլիմ, բայց կանտրոլ չկա, հետաքրքրվող չկա, թե տվյալ գումարը իր նպատակին ծառայել է, թե չէ»,- ասաց Ներսես Թումասյանը:
Ջավախքը հարուստ է ջրային պաշարներով, բայց արի ու տես, որ ջուրն այս բնակավայրում ժամով է: Տնամերձ հողամասերում խնդիր է կանաչեղեն, լոբի, կաղամբ, կարտոֆիլ և այլ ջրովի մշակաբույսեր ցանելը: Ինչպես գյուղաբնակներն իրենց խոսքում նշեցին. «Եթե Աստված կամենա անձրև գուքա, ցանքսը չի փչանա, աշնանը բերք կունենանք»:
Գյուղում գրեթե յուրաքանչյուր տուն ցիստեռ ունի, որտեղ ջուր է հավաքում:
Դադեշ գյուղի հիմախնդիրները շատ են: Աառաջնայինը դա՝ խմելու և ոռոգման ջրի, ինչպես նաև գյուղ տանող ճանապարհի անմխիթար վիճակն է:
Աղունիկ Այվազյան